ԱԺ-ն ընդունեց գույքահարկի թանկացում նախատեսող օրենքը |shantnews.am|

shantnews.am։ ԱԺ-ում այսօր շարունակվեց գույքահարկի փոփոխության վերաբերյալ օրենքի քննարկումը: Այս օրենքի ընդունմանը դեմ էին ընդդիմադիրները, քանի որ այն Սահմանադրությանը հակասող դրույթներ էր պարունակում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ կարող են շտկել թերությունները մինչև երկրորդ ընթերցում, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովը ևս առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ձեռնամուխ կլինի այդ հարցի լուծմանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2021թ-ից, իսկ կարգավորումները ժամանակատար են լինելու:
«Սկսած բազային դրույքաչափից՝ տարբեր հաշվարկներ պետք է լինեն, իսկ սահմանադրականության հետ կապված հարկերը սահմանում է օրենսդիրը:

Մենք քննարկելու բան էլ չունենք համապատասխան հանձնաժողովում, հետևաբար, եկեք հետաձգենք, Կառավարությունը համապատասխան կարգավորումները բերի, մտցնի օրենքի մեջ, տեխնիկական բաներն օրենքում են, բուն միտքը մնացել է Կառավարության որոշմամբ: Ես չեմ կարծում, որ նման կարգի օրենքները ԱԺ-ն պետք է ընդունի»,- ասաց նա:
ԱԺ-ն օրենքի նախագիծն ընդունեց 92 կողմ, 15 դեմ, 2 ձեռնպահ ձայներով: Հիշցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս օրենքի նախագիծը համարում էր թերի, բայց կողմ քվեարկեց:

x