Ծովինարում մերժեցին Վարդենիսի հանքերևակման հայտը և բոյկոտեցին «Գեոմայնինգ»-ի լսումները |ecolur.org|

ecolur.org: Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում մերժեցին Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրությունների հայտը և բոյկոտեցին «Գեոմայնինգ» ՍՊԸ-ի լսումները:

Ինչպես հայտնում է «Մարտունի ինֆոտուն»-ը՝ հանրային լսումներ անցկացնելու նպատակով համայնք էին ժամանել «Գեոմայնինգ» ՍՊԸ-ի, Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները, սակայն տեղացիները թույլ չեն տվել լսումներ անցկացնել: Տեղում կազմվել է արձանագրություն, որում նշված է. «Հանրային լսումը՝ նվիրված Ծովինար համայնքի վարչական տարածքում գտնվող սարերում հետազոտություններ անելու համար հանքարդյունաբերության թեմայով չկայացավ ժողովրդի ընդվզման և անհամաձայնության պատճառով»: Հավաքված բնակիչները ստորագրել են արձանագրության տակ, իսկ համայնքապետարանը կնքել է: Արձանագրությունը հանձնվել է Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցչին։

Նշենք, որ այսօր՝ ժամը 16:00-ին, «Գեոմայնինգ»-ի նույն հայտի շրջանակներում լսումներ են նշանակված նաև Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:

Հայտով ընկերությունը նախատեսում է ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ, կապար և մոլիբդեն որոնել հանքերևակման մոտ 195 կմ2 (19 483.56 հա) տեղամասում՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս, Մալիշկա և Գեղարքունիքի մարզի Ծովինար, Արծվանիստ, Կարճաղբյուր համայնքների վարչական տարածքներում:

«Գեոմայնինգ»-ը Վարդենիսի հանքերևակման տարածքում մետաղներ որոնելու հայտ ներկայացրել էր նաև 2015 և 2017 թթ-ին: Այս ընկերության հիմնական բաժնետերը «Դանդի Փրիշս Մեթալս» կանադական ընկերությունն է, որը նախկինում շահագործում էր Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

 

x