ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր առկա չեն. Երեւան քաղաքի դատախազ |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանի որոշման ուժով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան:

Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Երեւան քաղաքաի դատախազ, Մարտի 1-ի գործով դատավարական հսկողություն իրականանցնող Գեւորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով պաշտպանական կողմի միջնորդությանը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշման ուժով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելուն եւ ընտրված խափանման միջոցը վերացնելուն:

«Պաշտպանության կողմի դիրքորոշումը հանգում է հետեւյալին․ քանի որ ՍԴ-ն արձանագրել է, որ չկա սահմանված ընթացակարգ, որով կգնահատվի, թե արդյոք պաշտոնաթող նախագահին վերագրվող գործողությունները բխում են նրա կարգավիճակից եւ գործառույթներից, հետեւաբար այդ հարցն առհասարակ քննարկվել չի կարող։ Սա է ընկած պաշտպանության կողմի միջնորդության հիմքում։ Բայց ՍԴ որոշումն այդ իմաստը չունի․ միջնորդությունը չի բխում ՍԴ որոշման տրամաբանությունից։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ դիմելու եւ քրգործի վարույթը կասեցնելու մասին որոշմամբ՝ ՍԴ-ի առաջ ուղղակիորեն բարձրացրել էր պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության խնդիրը՝ նրան կոնկրետ քրգործով քրեական հետապնդման ենթարկելու հարցի շրջանակներում։ ՍԴ-ի դիմումի քննությունն այդ մասով ընդունելի չի համարել, այլ կերպ ասած՝ ՍԴ-ն իր առջեւ ուղիղ բարձրացված՝ պաշտոնաթող նախագահի գործառությային անձեռնմխելիության հարցի սահմանադրականության խնդիր այդ դիմումով չի տեսել։ Ավելին՝ սույն քրգործով ՀՀ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նախագահի անձեռնմխելիության հարցին, արտահայտել դիրքորոշումներ, որոնցով սահմանված են պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության առկայությունը գնահատելու որոշակի չափանիշներ»,- մանրամասնեց Գեւորգ Բաղդասարյանը:

Մեղադրող դատախազը շեշտեց, որ ՍԴ-ն արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանը, ինչպես ցանկացած դատարան կարող է մեկնաբանել Սահմանադրությունը։ Այսինքն՝ ՍԴ առջեւ 2 անգամ շատ ուղիղ բարձրացվել է պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը, եւ երկու անգամ էլ ՍԴ-ն դրանք քննության չի առել, դրանց սահմանադրականության հարց ըստ էության չի տեսել։ ՍԴ-ն չի արձանագրել, որ որեւէ մեկը չի կարող որոշել պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը։

«ՍԴ-ն այդպիսի դիրքորոշում չի արտահայտել նաեւ սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշմամբ։ ՍԴ-ն հատուկ սահմանել է, որ որոշակի ընթացակարգի բացակայության պայմաններում գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ քննիչի եւ դատախազի, դատարանի կողմից։ Որտեղ է ՍԴ որոշման այն ձեւակերպումը, որտեղ նշված է, որ որեւէ մեկը չի կարող գնահատել պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության հարցը, որտեղ է այն հատվածը, որտեղ նշված է, որ առհասարակ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը քննարկվել չի կարող»,- ասաց Բաղդասարյանը:

Նա նկատեց, որ պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից։ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այսինքն՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես նախագահի կարգավիճակից բխող, հետեւաբար ըստ դատախազի՝ ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր առկա չեն:

Դատախազն այսպիսով խնդրեց դատարանից մերժել Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:

x