ԱՄՆ-ի առևտրի նախարարն անդրադարձել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցին |ermenihaber.am|

ermenihaber.am: ԱՄՆ առևտրի նախարար Վիլբուր Ռոսն անդրադարձել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարությանը։

Նշենք, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Մնուչինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն քննարկում է Անկարայի դեմ պատժամիջոց կիրառելու հարցը, սակայն դեռևս վերջնական որոշման մասին խոսել չի կարող։

«Ֆինանսների նախարար Մնուչինի հայտարարության մեջ որևէ նոր բան չկա։ Ինչպիսին էլ որ լինի քննարկումների արդյունքը, այն պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ի պահանջներին ու կանոններին, քանի որ թե ԱՄՆ-ն, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներ են»,-նշել է Ռոսը։

Առևտրի նախարարը նաև հիշեցրել է, որ Թուրքիան բավական ժամանակ պողպատի համար 50 տոկոս մաքսային տուրք է վճարել, այն դեպքում, երբ ողջ աշխարհում այդ տուրքի չափը կազմում է 25 տոկոս։ Ռոսի խոսքով՝ դա ևս S-400 –ների հետ կապված պատժամիջոց է Անկարայի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, 1000-ից ավելի թուրքական ընկերություններ հայտ են ներկայացրել այս ոլորտում մաքսատուրքերից ազատվելու համար, և ԱՄՆ-ն բավարարել է այդ հայտերը։

Դրանք հիմնականում այն ընկերություններն են, որոնք ներկրում են ԱՄՆ-ում չարտադրվող, կամ ամերիկյան շուկային բավարարող որակ ու հատկություններ ունեցող ապրանքներ։ Նման արտոնություն ստացած ընկերությունները կազմում են ոլորտում գործող թուրքական ընկերությունների շուրջ 40 տոկոսը։

x