Ռոբերտ Քոչարյանի վարքը նման է ջրից հանած ձկանը. Սարգիս Քլոյան |lragir.am|

lragir.am։ Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, երեկ դատարանում, դիմելով Ռոբերտ Քոչարյանին, ասել է.«Տասը տարի, մեղադրյալ Քոչարյան, դու ու Սերժը մտերիմներ էիք, նույն հող ու ջրի մարդ էիք, ի՞նչն էր խանգարում, գոնե ձևականորեն ասեիր՝ այ Սերժ, արի գոնե ձևականորեն այս Մարտի 1-ի էջը բացենք և փակենք… Դե տղամարդկություն ունեցիր, քո խստագույն պատիժը կրի»։

Անդրադառնալով դատարանում ունեցած իր ելույթին, Քլոյանը նշեց, որ մի անգամ էլ Վերաքննիչ դատարանում է այդ հարցերը տվել Քոչարյանին, բայց այս անգամ դատավորը բավականին ժամանակ տվեց և թույլ տվեց բոլոր հարցադրումներն անել. «Հավատում եմ, որ դատավորը արդար կլինի և հույս ունեմ, որ կթողնի Քոչարյանին կալանքի տակ»։

Հարցին, թե արդյոք Քոչարյանին ինքն ասաց այն ամենը, ինչ ցանկանում էր, թե ինչ-որ բան կիսատ մնաց, Սարգիս Քլոյանը պատասխանեց. «Շատ բան ունեի ասելու։ Նա ասում է՝ սադրիչներ են եղել մարտի 1-ին։ Բա ո՞ւր են այդ սադրիչները։ Հարցրեք այդ մասին նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին, Վահագն Հարությունյանին։

Ես իրենց էլ եմ հարցրել՝ ուր են սադրիչները, նաև հարցրել եմ, որ խանութներ են թալանել, դեմքերն էլ պարզ երևում է, ինչու կալանքի չեք վերցնում։ Ինքն էլ ասում է՝ դուք ի՞նչ գիտեք, որ կալանքի չեմ վերցրել։ Բայց ոչ մեկին չկալանավորեցին, ոչ խանութ թալանողներին, ոչ մեքենա վառողներին, որովհետև իրենց մարդիկ էին», հավելեց Քլոյանը։

Նրա խոսքով՝ այսօր Ռոբերտ Քոչարյանի վարքը նման է ջրից հանած ձկանը. «Պետք է թպրտա, պետք է փորձի իրեն փրկել, բայց տեղի է ունեցել իշխանափոխություն, և հիմա պետք է օրենքը գործի, ոչ թե փողը։ Այն ժամանակ ամեն ինչ փողով էր, հիմա այդպես չի։ Հիմա հուսամ, ունեն արդարադատություն, որին չի խոչընդոտում վարչապետը։ Ունենք դատավոր, անկախ քննիչ, անկախ դատախազ։ Թող բոլորն ականջներին օղ անեն, որ որևէ մեկը կառավարության շենքից չի ուղղորդում դատավորներին»։

Շարունակեց՝ lragir.am-ում

x