ԱԳՆ-ն արձագանքում է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդ լինելու մասին ՌԴ փոխվարչապետի հայտարարությանը |aysor.am|

aysor.am: Կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են և՛ դիտորդի, և՛ գործընկերոջ չափանիշները, Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարությանը, թե Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում։

«Դիտորդի կարգավիճակին հավակնող երկրները պետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ անդամ բոլոր երկրների հետ։ Մենք հետևել ենք բոլոր մեկնաբանություններին և հնչած տարբեր դիրքորոշումներին, բայց հստակ պետք է արձանագրենք՝ կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ, և կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։ Ուստի առանց Հայաստանի համաձայնության, ցանկացած մեկնաբանություն, դիրքորոշում, կմնա միայն որպես այդպիսին», - ասաց Աննա Նաղդալյանը։

Հարցին, թե այդ հայտարարությունը չի հակասում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններին, Նաղդալյանն արձագանքեց, թե կան հստակ չափանիշներ, որոնց պետք է բավարարել։

x