ԱԺ-ն քննարկում է գրպանահատության համար պատիժը խստացնող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովը քննարկում է Քրեական օրենսգրքով գրպանահատության համար պատիժը խստացնող օրենքի նախագիծը: Կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:

«Սա այն նախագիծն է, որն առաջարկում է գրպանահատության համար պատասխանատվությունը նախատեսել Քրեական օրենսգրքի 177 հոդվածում որպես ինքնուրույն մաս, դրանով գրպանահատության դեպքերը մասնավոր մեղադրանքի տիրույթից տեղափոխել դեպի հանրային մեղադրանք: Նախագծով ևս մեկ կարևոր հարց ենք լուծում, «գողություն» հասկացությունը ձևակերպում ենք այնպես, որպեսզի զգալի չափը պարտադիր հատկանիշ չլինի՝ արարքը գողություն որակելու համար»,- նշեց Վարդապետյանը:

Ներկայում Քրեական օրենսգրքում ձևակերպումն այնպիսին է, որ գողությունն ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է զգալի չափերով: Փոխնախարարը նշեց, որ արարքը չի կարող որակվել ծանրացնող հանգամանքներում կատարված, օրինակ, բնակարան մուտք գործելով կատարված, եթե արարքում առկա չեն հասարակ հանցակազմի հատկանիշները:

«Եվ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձը մուտք է գործում բնակարան և իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողանում հափշտակել զգալի չափի գումար՝ 30 հազար դրամի հասնող գումար, ապա արարքը չի կարող որակվել որպես ծանրացնող հանգամանքներում կատարված գողություն: Մեր կողմից առաջարկվող նախագիծն այս խնդիրը լուծում է»,-ասաց փոխնախարարը:

Նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր բովանդակությամբ՝ գողություն է համարվում ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը: Առաջարկում են լրացնել նաև՝անձի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես նաև գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կողմից կրվող հագուստից, այդ թվում գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից:

x