2020թ. Հայաստան կժամանեն շուրջ 150 երկրների համալսարանական սպորտի ազգային և միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ. ՀՀ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն ընդունել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկին և գլխավոր քարտուղար Մաթիաս Պեչովնիկին: «Նրանք Հայաստան են ժամանել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի հիմնադրման 25-ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը:

Ողջունելով հյուրերին` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը կարևորել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությունը Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի և համանման եվրոպական կառույցների հետ.

«Մենք կարևորում ենք այն մեծ աշխատանքը, որ ասոցիացիան կատարում է համալսարանական սպորտի զարգացման ասպարեզում և ուրախ ենք, որ Հայաստանի մարզական ֆեդերացիան մաս է կազմում այս գործընթացին»,- նշել է նախարարի տեղակալը` հավելելով, որ Հայաստանում այժմ ընթացքի մեջ է ուսանողական մարզական լիգաների կազմավորումը:

Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը, նշելով, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ արդյունավետ համագործակցության դրական ավանդույթներ են ձևավորվել, շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը, մասնավորապես այս տարվա հունիսին Նեապոլ քաղաքում տեղի ունեցած ունիվերսիադայում Հայաստանի ուսանող մարզիկների մասնակցությունն ապահովելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև 2020 թվականին Երևանում Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի ընդհանուր ժողովի անցկացման հարցը: Ադամ Ռոշեկի խոսքով` ընդհանուր ժողովը Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի գալիք տարվա ամենակարևոր միջոցառումն է, և ակնկալվում է, որ դրան մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն շուրջ 150 երկրների համալսարանական սպորտի ազգային և միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գ.Թամրազյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել, որպեսզի նման պատասխանատու միջոցառումն անցկացվի բարձր կազմակերպվածությամբ: Նշենք, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան 2012 թվականից Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է և ակտիվորեն մասնակցում է մարզական մրցաշարերին»,- ասված է հաղորդագրությունում:

x