Բոլոր թույլտվությունները` և´ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումները, և´ փորձաքննական եզրակացությունը, տրվել են օրենքների խախտումով, և´ մեր Սահմանադրությունն է խախտվել, և´ բոլոր օրենսգրքերը. Նազելի Վարդանյան |tert.am|

tert.am: Բոլոր թույլտվությունները` և´ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումները, և´ փորձաքննական եզրակացությունը, տրվել են օրենքների խախտումով, և´ մեր Սահմանադրությունն է խախտվել, և´ բոլոր օրենսգրքերը: Այս մասին Ամուլսարի շահագործման վերաբերյալ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը:

«Ես անցյալ տարի կառավարությանը ներկայացրել եմ այս բոլոր օրենքների և կոնվենցիաների խախտումները: Վերջին 4 էջում նշել եմ, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր կան: Խնդրել եմ, որ իրավապահ մարմիններն այս ուսումնասիրությունը անեն, գործեր հարուցեն և քննեն, սակայն մինչև օրս ոչինչ չի արվել»,- ասաց նա:

«Երբ պարոն վարչապետին ասացի, որ ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության հիման վրա հարուցածս գործը չեք կարող կարճել, ասաց, որ 35 հազար փաստաթուղթ կա գործում: Հաջորդ հարցս տվեցի՝ եթե 35 հազար փաստաթուղթ կար գործում և Դուք դրա հիման վրա կարող էիք կարճել, ապա ինչո՞ւ էինք 400 հազար դոլար ծախսում և նոր փորձաքննություն նշանակում»,- ասաց էկոլոգիական իրավունքի մասնագետը:

Վարդանյանի խոսքով՝ համաձայն սանիտարահամաճարակային անվտանգության մասին ՀՀ օրենքի՝ նման ծրագրերը պետք է անցնեն սանիտարական փորձաքննություն, որը պետք է իրականացնի Առողջապահության նախարարությունը, բայց այս դեպքում չի իրականացվել:

«Ե՛վ բույսերի, և՛ կենդանիների մասին խոսում են, բայց թե մարդն ինչ ազդեցություն կկրի, դրա մասին չեն խոսում»,- նշեց նա:

x