Ամուլսարի հարցով կառավարությունն իր հասանելիք աշխատանքն անելու է, իսկ ճանապարհների փակումը մեզ խոցելի է դարձնում. Էրիկ Գրիգորյան |tert.am|

tert.am: Ամուլսարի հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ուսումնասիրեր, թե նախկինում «Էլարդ» ընկերության կողմից արված եզրակացության և Քննչական կոմիտեի կողմից արված աշխատանքների շրջանակներում արդյոք ի հայտ եկե՞լ են որոշակի տվյալներ կամ փաստեր, որ Ամուլսարի հանքի շահագործման՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) պետք է նորը լինի կամ ուժը կորցրած ճանաչվի, ուսումնասիրությունը նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ էր։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Ուսումնասիրություններն արել ենք, նաև ներգրավել ենք լիազոր մարմինների ներկայացուցիչներին, վերլուծություններ ենք արել և այդ փաթեթը, որն առնչվում էր նախագծի փոփոխության դեպքում նոր ՇՄԱԳ-ի կամ նախագծի փոփոխությանը,այդ մասով գրություն ենք գրել վարչապետին, որպեսզի ստուգումներ սկսվեն»,- ասաց նախարարը։

Դիտարկմանը, թե այսինքն՝ դա ենթադրո՞ւմ է նոր ՇՄԱԳ, եթե կասկածները հաստատվեն, Էրիկ Գրիգորյանն ասաց.«Սցենարները մի քանիսն են, մեկը, որ խախտումներ չեն հայտնաբերվում կամ հայտնաբերվում է և տրվում է հանձնարարական դրանց վերաբերյալ,որոնք իրականացվում են, և երկու՝ մնացած դեպքերը, որ եթե խախտումը նախագծային փոփոխություն է, ապա նոր ՇՄԱԳ պետք է լինի, եթե սահմանված ժամանակահատվածում խախտումը չի վերացվել, ապա կրկին նոր ՇՄԱԳ»։

Լրագրողի հարցին,թե հին ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչելու և նոր ՇՄԱԳ նշանակելու իրավունք «Էլարդի» ուսումնասիրությունից հետո նախարարությունը չունի՞,Էրիկ Գրիգորյանն ասել է. «Ընդհանրապես որևէ ուսումնասիրությունից, որևէ փաստաթղթից հետո հնարավոր չէ, որ նախարարը վերցնի և ստորագրի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու որոշում, քանի որ կա հստակ օրենք ու կարգավորում։ Պետք է մի մասով տեսչական մարմինն ուսումնասիրի և տա եզրակացություն, իսկ մյուս մասով քրեական գործն է, որը չի դադարել։ Քննչական կոմիտե ևս ուղարկել ենք մեր ուսումնասիրությունները»։

Լրագրողը նաև հետաքրքրվել է, թե ճիշտ չէ՞ այն քննադատությունը,որ կառավարությունն իզուր է ծախսել 400,000 դոլարը և այդ փորձաքննությունը կարող էին հայ փորձագետներն անել, նախարարը չի համաձայնել՝ նշելով,որ «Էլարդը» բավական լավ աշխատանք է կատարել։

Ի պատասխան դիտարկմանը, թե նկատվում է միտում, որ հանքի ճանապարհը փակած քաղաքացիների գործողությունները փորձում են շահարկել, որ դա հնարավորություն չի տալիս ընկերությանն իր նախագծած աշխատանքներն ավարտին հասցնել, Էրիկ Գրիգորյանն ասել է.

«Ճանապարհները փակելու գործընթացն ինքնին այս գործընթացից ավելի դուրս է, ճանապարհները փակելը որևէ կերպ Հայաստանի Հանրապետությանը չի ուժեղացնում այդ մնացած աշխատանքներն իրականացնելու համար, որովհետև ստուգումը պետք է հստակ իրականացվի, ելակետային տվյալները պետք է ուսումնասիրվեն, ու նաև ասեմ,որ խոսքը չի վերաբերում միայն այս հանքին, այլ՝ ոլորտին։ Այդ ճանապարհները փակ լինելու փաստն ինքնին խոցելի է դարձնում Հայաստանի Հանրապետությանը, մեղադրանքներ են հնչում,որ կառավարությունը չի ապահովում այն իրավունքները, որոնք ունեն տնտեսվարողները։ Ուզում եմ հստակեցնել, որ այն աշխատանքները, որոնք պետք է անի կառավարությունը, նաև հիմնվելով «Էլարդի» հետազոտությունների վրա, դա այսպես, թե այնպես պետք է արվի, որպեսզի գտնենք, թե որտեղ է ճշմարտությունը և դա արվում Քննչական կոմիտեի միջոցով, իսկ ճանապարհների փակումը մեզ խոցելի է դարձնում»։

Նախարարի խոսքով՝ ճանապարհների հետ կապված խնդիրն այն է, որ «Լիդիանն» անընդհատ դա կարող է շահարկել, ասել, որ Հայաստանի Հանրապետությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերում։

«Մեջբերում են Պակիստանի օրինակը, որ հանքը տվել են ուրիշին և արբիտրաժային դատարանը 6 մլրդ է պարտավորեցրել վճարել, բայց այստեղ չի դիտարկվում հանքը վերցնել և ինչ-որ մեկին տալ, կամ ընդհանրապես այդպիսի խոսակցություն կա, որովհետև վայրը Հայաստանի Հանրապետության համար կարևոր է և ՀՀ-ն ցանկանում է իր քաղաքացու ու իր շահը պահպանել հնարավոր բոլոր տարբերակներով ուսումնասիրելով, որպեսզի պարզի ճշմարտությունը։ Ես կրկնում եմ, որ գործընթացը պետք է լինի իրավական։ Հայաստանի Հանրապետությունը 2009-ից մեծացրել է ծրագիրն ու ծախսել է որոշակի գումարներ, և մենք ասում ենք, որ այս կազմակերպության ՇՄԱԳ-ը լավ չէր ու դու չես աշխատի, այ դա խնդիր է։ Մեր օրենսդրությունը տալիս է հնարավորություն, որ եթե բացասական հետևանքներ կան, Ջերմուկի բնակչները կարող են հավատալ կառավարությանը և այդ ճանապարհները փակելու հարցն այս պահին ակտուալ չէ»։

x