ԱԺ-ն ընդունեց ճանապարհային երթեւեկության խախտումները նկարահանելու վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը․ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց |armtimes.com|

armtimes.com։ Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը, որով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արմեն Փամբուխչյանն առաջարկում են քաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ճանապարհային երթեւեկության խախտումները եւ օնլայն ռեժիմով՝ հավելվածի միջոցով փոխանցել ոստիկանությանը:

Նախագիծն ընդունվեց ձայների 87 կողմ, 21 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Դեմ քվեարկեցին ԲՀԿ-ական պատգամավորները, որոնք նախորդ նիստին շատ կոշտ դիրքորոշում էին արտահայտել օրինագծի վերաբերյալ։ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը՝ Արթուր Դալլաքյանը, նախագիծը որակել էր նույնիսկ «բարոյականությունից զուրկ»։

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների դիրքորոշումից, ըստ էության, տպավորություն էր, որ կարծում են՝ ներկայացվածը «գործ տալու» նախագիծ է եւ քաղաքացիներին տրամադրելու է իրար դեմ։ Դալլաքյանի արտահայտությունն ԱԺ-ում մթնոլորտը լարել էր, պատգամավորները նիստերի դահլիճից դուրս էին եկել՝ հարցը պարզելու։ ԲՀԿ պատգամավորներից մեկի սենյակում մի քանի րոպե տեւած խոսակցությունից հետո «Իմ քայլ»-ի եւ «ԲՀԿ»-ի մի խումբ պատգամավորներ արդեն հանդարտված վերադարձան նիստերի դահլիճ։

Այսօր նախագծի քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ հարկ է համարում նշել մի փաստ՝ այսօր ՀՀ-ում գործում է մոտ 2000 ստացիոնար տեսախցիկ, եւ, ըստ Աբովյանի, այս օրենքն ընդունելուց հետո տեսախցիկների թիվը էականորեն կաճի՝ դառնալով 500 հազարից ավելի․ «Հաշվի առնելով ճանապարհատրանսպորտային ոչ բարվոք վիճակը եւ ՀՀ քաղաքացու ծանր սոցիալակն վիճակը՝ մենք քվեարկելու ենք դեմ, քանզի լկտիության եւ իրավախախտումների դեմ պայքարը չպիտի ենթադրի նաեւ, որ ՀՀ ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացիները գտնվեն այդ ծանր բեռի տակ»,- ասաց Աբովյանը։

Շարունակությունը՝ armtimes.com-ում

x