«Իմ քայլը» նիստ կգումարի՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման քայլեր գտնելու համար |shantnews.am|

shantnews.am: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ հարցին: Նա տեղեկացրեց՝ խմբակցությունն այսօր նիստ կգումարի, որի ընթացքում էլ կորոշեն հաջորդ քայլերը, սակայն այդ մասին հրապարակային կխոսեն միայն խմբակցության նիստից հետո:

Հարցին՝ արդյո՞ք կարելի է ենթադրել, որ կան իրենց համար առավել հարմար, նախընտրելի քայլեր, Մակունցն ասաց.

«Մենք ունենք մշակած քայլերի մի քանի տարբերակ, որ քննարկելու ենք խմբակցությունում, և որոշումը համատեղ կկայացնենք»:

Խմբակցության ղեկավարը վստահեցրեց՝ հավատարիմ են բացառապես իրավական ճանապարհով գործընթացին, օրենսդիրի լիազորությունների տիրույթում գտնվող գործիքակազմով են շարժվելու:

Նա նաև տեղեկացրեց՝ նիստ գումարելու են բոլոր խմբակցությունները:

x