Զանգեզուրի հանքավայրի սեփականատերերին ասել եմ, որ հանքն այս ձեւով չի կարող շահագործվել.Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am:    Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքավայրի սեփականատերերի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ հանքն այս ձեւով չի կարող շահագործվել: Այս մասին, այսօր՝ իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հասկանում եմ, որ եթե ասեմ՝ հիմա գնացեք այդ խնդիրը լուծեք, դա նշանակում է փաստացի փակել կոմբինատը: Ես կասեմ՝ որ պետք է գնանք այդ կանոններով: Մենք բոլորի նկատմամբ պետք է այդ կանոնները կիրառենք»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Զանգեզուրի հանքի գերմանացի սեփականատերերին բառացիորեն ասել է հետեւյալը. «Ինչ-որ մի ժամանակացույց պետք է ունենանք, կլինի 3 տարի, թե 5 տարի, որից հետո հանքը պետք է աշխատի այն նույն ստանդարտներով, որով կաշխատեր Գերմանիայում»:

«Դուք չեք գտնի մի զարգացած երկիր, որը չի անցել հանքարդյունաբերության միջով: Մենք պետք է այնպես անենք, որ ոչ թե Հայաստանից հանքաքար արտահանվի, այլ ՀՀ-ում ձուլարաններ գործեն, որ հանքի աշխատելու արդյունքում մեր օգուտը եռապատկվի, տասնապատկվի:

Ոսկու հանքերը առավել կարեւոր են Հայաստանի անվտանգության տեսակետից: Մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանում աֆինաժի գործարան լինի: Այսինքն ոչ միայն ոսկի ստանանք, այլ այն հարգադրվի: Այսինքն այդ ոսկին լինի պատրաստի վճարամիջոց, որով մեզ անհրաժեշտ սպառազինությունը գնենք: Սա է Հայաստանի հավասարակշռված շահը»,-ասաց ՀՀ վարչապետը:

x