Նիկոլ Փաշինյանի պնդումը վարչական դատարանի որոշման առկայության մասին իրականությանը չի համապատասխանում

Երեկ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Ասուլիսի առաջին հարցը վերաբերում էր Ամուլսարին:

Իր պատասխանում Նիկոլ Փաշինյանը նշեց. «...ճանապարհի մասով մենք ունենք վարչական դատարանի որոշում ճանապարհները բացելու...»:

Մենք ուսումնասիրեցինք datalex.am կայքում առկա դատական որոշումները` «Լիդիան Արմենիա»-ն ընդդեմ ՀՀ ոստիկանության:

Ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ դատական որոշումն ամենևին էլ հանք տանող ճանապարհները բացելու մասին չէ:

2018 թվականի սեպտեմբերի 20-ին «Լիդիան Արմենիա»-ն դիմեց դատարան` սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 կոորդինատներով անշարժ գույքի տարածք կատարված ներխուժումը վերացնելուն ՀՀ Ոստիկանությանը պարտավորեցնելու պահանջով:

2019 թվականի թվականի ապրիլի 10-ին ՀՀ Վարչական դատարանը որոշում կայացրեց` Ոստիկանությանը պարտավորեցնել նշված կոորդինատներով տարածքների ազատումը: Այսինքն, պետք է հանվեին այն կացարանները, որոնք դրվել էին «Լիդիան Արմենիա»-ին պատկանող հողակտորի վրա: Իսկ ճանապարհը` թե՛ միջգյուղական, թե՛ միջպետական, չի կարող պատկանել «Լիդիան Արմենիա»-ին և ոչ մի մասնավոր ընկերության:

Հետևաբար, դատավճիռը վերաբերում էր միայն կացարանների հեռացմանը «Լիդիան Արմենիա»-ին պատկանող հողակտորի վրայից և ոչ  հանք տանող ճանապարհների բացմանը:Վճռին կարող եք ծանոթանալ հղումով:

Ապրիլի 10-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն տարածեց, որով դատարանի վերոնշյալ վճիռը մեկնաբանում էր մանիպուլյատիվ կերպով՝ նշելով, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ՀՀ Ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը Ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք։

Սակայն, ինչպես նշեցինք, որոշումը վերաբերում էր ընդամենը կացարանների տեղադրման վայրին։ Այսինքն, ցուցարարները բացի վերը նշված կոորդինատներով տարածքներից, կարող են իրենց ցույցը շարունակել Ամուլսարի՝ «Լիդիան Արմենիա»-ին չպատկանող տարածքներում, որը չի ենթադրում ճանապարհների բացում։

Ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանը ևս խոսում է վերոնշյալ վճռի մասին և ասում, որ ճանապարհները բացելու համար ունեն որոշում։

Ի հավելումն նշենք, որ սույն թվականի հունիսի 25-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից կրկին հայց էր ներկայացվել Վարչական դատարան ընդդեմ ՀՀ Ոստիկանության` օրինական տիրապետության ներքո գտնվող Երևան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ տանող ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրի մոտ մեծ շրջադարձից աջ 0224-0096 ծածկագրով հողատարածք և Երևան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ տանող ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրի մոտ 0222-0057, 0022-61, 0022-0063 ծածկագրերով հողատարածքներ կատարված ներխուժումը վերացնելուն պարտավորեցնելու պահանջով: Սակայն հուլիսի 2-ին Վարչական դատարանը որոշում էր կայացրել ետ վերադարձնել հայցը` հիմնավորումների և անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով: Այս գործին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Արփի Ավետիսյան

x