Աթույլատրելի է Սիրիան ազդեցության գոտիների բաժանելը․ Պուտին |news.am|

news.am: Սիրիայում իրավիճակի դեԷսկալացիայի գոտին չի կարող սադրանքների հարթակ ծառայել, անհրաժեշտ է միասնաբար հակազդել Իդլիբում ահաբեկչական սպառնալիքին, Թուրքիայի եւ Իրանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Արդիական խնդիր է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ անզիջում պայքարի շարունակումը։ Ամենամեծ անհանգստությունը նախկինի պես առաջացնում է դեէսկալացիայի գոտում մնացած Իդլիբի սրված իրավիճակը, որտեղ վերջին ժամանակներս մեծացել է ահաբեկչական կազմակերպությունների ակտիվությունը»,- ասել է նա։ Պուտինի խոսքերով, անթույլատրելի է Սիրիան ազդեցության գոտիների բաժանելը։

Ռոուհանին ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարեւորությունը։

Նա նշել է, որ օրակարգում կարեւորագույն խնդիր է երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ջանքերի գնահատականը՝ «սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման, ահաբեկչության դեմ պայքարի, սահմանադրական հանձնաժողովի ստեղծմանն օգնելու, փախստականներին վերադարձնելու, կալանավորվածներին եւ առեւանգվածներին փոխանակելու, հումանիտար իրավիճակը բարելավելու, այդ ոլորտում վերականգնման, ինչպես նաեւ միջազգային ջանքերի գնահատականը»։

Ռոուհանիի խոսքերով, ամերիկյան զորքերի անօրինական ներկայությունը սիրիական հողում սպառնալիքի տակ է դնում նրա տարածքային ամբողջականությունը եւ ազգային ինքնորոշումը՝ որպես ՄԱԿ-ի անդամ անկախ պետության։ «ԱՄՆ նախագահը նախկինում խոսել էր իր զորքերը Սիրիայից հանելու մասին»,- ասել է Ռոուհանին։
Նա հավելել է, թե Թրամփի խոսքերի ճակատագիրը «նույնն է, ինչ ցանկացած այլ պնդմանը՝ չի համապատասխանում իրականությանը»։

x