Գևորգ Պետրոսյանը Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումների փորձ է նկատում |aysor.am|

aysor.am։ ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն՝ սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսզի ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունների դադարեցման մասին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

««Իմ քայլը» պարտավոր է ՀՀ օրենքի համաձայն ներկայացնել այդ նախաձեռնությունը։ Թե ինչպիսի որոշում կկայացնի ՍԴ-ն, իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել։ Այսպիսի կարծիքներն ավելի շատ կարող եմ գնահատել որպես դատարանի նկատմամբ ճնշում», - ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այս պահին ՍԴ-ում չկա անկառավարելի վիճակ, այլ խնդիր է, որ առանձին անձինք չեն մասնակցում որոշումների ընդունմանը։

«Մենք այնպիսի նախաձեռնությունների չենք միանում, որտեղ համոզմունք չունենք», - ասաց նա։

Խմբակցության պատգամավորներից Արման Աբովյանն իր հերթին նկատեց, որ Հրայր Թովմասյանին աշխատանքից ազատելու գործընթացը պետք է լինի բացառապես իրավական դաշտում։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտարարել է, որ ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ միակ առաջնային մանդատով օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։

«Ի հեճուկս ԱԺ-ի գործող պաշտոնյա չի կարող լինել և վերջ։ Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու և վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է», - նշել է նա։

x