Արծվիկ Մինասյանի թերի պնդումները 5-րդ ալիքի եթերում

Օրեր առաջ  5-րդ ալիքի Հայլուր ծրագրի «Հարցազրույց» հատվածի հյուրը ՀՅԴ գործադիր մարմնի ներկայացուցիչ, նախկին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էր։

Արծվիկ Մինասյանը հաղորդման ընթացքում խոսեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումից, ինչպես նաև անդրադարձավ Մարտի 1-ի գործին՝ առհասարակ։ Վերջինիս ընթացքում նա հանդես եկավ թերի և մանիպուլյատիվ պնդումներով, որոնք ներկայացնում ենք ստորև։

Հարցազրույցի ժամանակ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Մարտի 1-ի գործով նոր մեղավորներին և նոր կառավարող ուժի ժամանակ հարուցված քրեական գործին, նշեց«․․մենք էսօր ունենք ուժի մեջ մտած դատական բազմաթիվ ակտեր, էդ թվում նաև էն անձանց մասով, ովքեր էսօր պաշտոններ են զբաղեցնում և ովքեր ժամանակին դատապարտվել են մարտի 1-ով։ Առնվազն գոնե պարզ տրամաբանությունը հուշում է չէ՝ եթե դուք այլ մեղավոր եք գտնում, գոնե սա վերացրեք՝ ապացույցների անբավարուրաթյան հիմքով, նոր երևան եկած հանքամանքների հիմքով, ՄԻԵԴ-ի որոշումներով, հետո նոր մեղավորներ ման եկեք․․․»։

Վերոնշյալ մեջբերումից տեսնում ենք, որ Արծվիկ Մինասյանը Մարտի 1-ի գործով նախկինում և ներկայումս հարուցված քրեական գործերը ներկայացնում է նույն տրամաբանության մեջ՝ սակայն այլ մեղավորներով։ Արծվիկ Մինասյանի նշած ներկա պաշտոնյաները, ովքեր դատապարտվել են Մարտի 1-ի գործով, Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանն են։

Ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի և մյուսների գործով մեղադրանքի բովանդակությունը՝ պարզ է դառնում, որ այն մեղադրվողների կողմից զանգվածային անկարգությունների կազմակերպման գործով է։ Սակայն, նոր հարուցված քրեական գործով վիճարկվում է այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացված գործողությունների, տրված հրամանների, կայացված որոշումների օրինականությունը։

Ամենևին զերծ մնալով Նիկոլ Փաշինյանի և մյուսների գործով դատական ընթացակարգի և վճռի օրինականությանը գնահատական տալուց՝ հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ գործով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքի համատեքստում դիտարկվել են նաև մարտի 1-ի 10-ը զոհերը, թալանված խանութները, պատճառված ֆիզիկական և գույքային վնասները։ Այսինքն, իշխանությունները որպես պատասխանատու կողմ չեն դիտվել և նրանց կատարած գործողությունները չեն վիճարկվել։ 

Ներկայումս, քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրվողները նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, իսկ քրեական գործի տրամաբանությունը վերջիններիս գործողությունների օրինականության պարզելն է։ 

Այս ամենից ելնելով՝ կարող ենք նշել, որ Արծվիկ Մինասյանի պնդումը՝  նախկինում հարուցված քրեական գործերը վերացնելու մասին մանիպուլյատիվ է և  անհրաժեշտություն չէ նոր քրեական գործի վարույթն իրականացնելու համար։ Միաժամանակ, նոր հարուցված քրեական գործն արդեն իսկ կպարզաբանի նաև նախորդ քրեական գործերում առկա եզրակացությունների կեղծ լինելը։

Այնուհետև, Արծվիկ Մինասյանը նշում է․ «․․․երբ ծանոթանում ես էն մեղադրանքի ծավալին ու ուղղություններին, որոնք որ գրված են մեղադրական եզրակացության մեջ և որը, որ պետք է ըստ էության քննվի դատարաններում, էստեղ կարծես թե մենք մարտի 1-2 չենք տեսել, կարծես թե մենք ականատես չենք եղել այդ դեպքերին։ Էդ տրամաբանությամբ եթե շարժվի, ուրեմն պետք է դատապարտվեն ԱԺ բոլոր պատգամավորները էդ ժամանակահատվածում, այդ թվում՝ կապ չունի իշխանություն, թե ընդդիմություն, կամ մենք, որ ոչ էստեղ էինք, ոչ էնտեղ։ Եվ բոլոր էն անձինք ովքեր էդ պահին, օրինակ, դատապարտել են արյունահեղությունը, դատապարտել են առաջին նախագահի հրահրող, ագրեսիվ վարքագիծը, այսինքն բոլորը պետք է դատապարտվեն։ էդ նշանակում է հանրապետության 3 միլիոն բնակչությունը՝  հանած մինչև 2008-ին ծնվածներին, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․․․»։

ՀՅԴ գործադիր մարմնի ներկայացուցիչը վերոնշյալ խոսքում ասում է, որ ՀՅԴ-ն ոչ իշխանություն է եղել, ոչ ընդդիմություն։

Սակայն, ինչպես գիտենք, 2008 թվականի ընտրություններից հետո ՀՅԴ կուսակցությունը՝ չնայած ընտրախախտումների մասին իրենց բարձրաձայնումներին, ասացին, որ չեն վիճարկելու՝ դրանով իսկ լեգիտիմացնելով ՀՀԿ-ի իշխանություն լինելը։ Այս ամենի մասին նշված է նաև 2008 թվականի ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում։

2008 թվականի մարտի 21-ին արդեն ՀՅԴ-ն կոալիցիա կազմեց իշխանության հետ։ Կոալիցիա կազմելու համաձայնագրում նշված էր, որ կողմերը ստանձնում են քաղաքական պատասխանատվություն երկրում իշխանության համար։

Այսպիսով, չնայած նրան, որ ՀՅԴ-ն դե յուրե իշխանություն չի եղել, սակայն կուսակցության դիրքորոշումներն ավելի շուտ պրոիշխանական են եղել։ Հետևաբար, Արծվիկ Մինասյանի՝ ոչ այս կողմում, ոչ այն կողմում լինելու շեշտադրումն իրականությանը չի համապատասխանում։

Առաջին նախագահի «հրահրող» վարքագծի մասով ևս ՀՅԴ-ն  ունեցել է փոփոխական տեսակետ։

Մի կողմից 2008 թվականի փետրվարի 25-ին ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարություն էր տարածել՝ ընտրական գործընթացների ընթացքում գերակայած փոխադարձ թշնամաքի ու ատելության, անհանդուրժողականության ու սպառնալիքների, առաջատար թեկանածուների կողմնակիցների համատարած, բացահայտ ու քողարկված ընտրակաշառքով զբաղվելու մասին: Հենց նույն խնդիրների մասին խոսում էին առաջին նախագահն ու աջակիցները Ազատության հրապարակում։

Սակայն 2008 թվականի մարտի 3-ին արդեն այն ժամանակ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Վահան Հովհաննեսյանը մեղադրեց Լևոն Տեր-Պետրոսյանին՝ «ուղղակի վարպետորեն  ժողովրդի դժգոհությունն օգտագործելու եւ  ատելության ու անհանդուրժողականության վերածելու համար։

Ուշագրավ է նաև Արծվիկ Մինասյանի մտահոգությունը՝ նախկին ԱԺ պատգամավորներին Մարտի 1-ի արյունահեղությունը դատապարտելու համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ 

2009 թվականի սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովին ներկայացվեց Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի եղրակացությունը, որի ժամանակ ՀՅԴ-ն` ի դեմս երկու պատգամավորների` Արծվիկ Մինասյանի և Արտաշես Շահբազյանի, ներկայացրել է հատուկ կարծիք, որը վերաբերում է ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած վերջնական զեկույցի երեք կետերին։ Ըստ այդ կարծիքների ոստիկանության համաչափ ուժի կիրառումը ոչ միանշանակ էր եղել, իսկ 10-ը զոհերի գործով անհրաժեշտ էր առավել մանրամասն քննություն։

Վերջում, սակայն, Արծվիկ Մինասյանը նշել էր․ «Այնպես չէ, որ եթե զեկույցում որևէ դրույթ մեր դուրը չի գալիս, ուրեմն ամբողջ զեկույցը պետք է անտեսել: Մենք շարժվում ենք այն մոտեցումով, որ հարկավոր է լինել պահանջատեր, լինել այդ պահանջները մշտապես առաջ քաշող»։ 

Եվ, չնայած արձանագրված խնդրահարույց դրույթներին, ՀՅԴ-ն, այդ թվում՝ վերը նշված պատգամավորները ստորագրել էին զեկույցի տակ՝ լեգիտիմացնելով այն։

Այսպիսով, Արծվիկ Մինասյանը հաղորդման ընթացքում թերի և քողարկված պնդումներ կատարեց՝ թաքցնելու համար ՀՅԴ կուսակցության համակարծությունն այն ժամանկվա իշխանության դիրքորոշմանը՝ Մարտի 1-ի գործով։

Արփի Ավետիսյան

x