Կապանում ստորագրահավաք են սկսել «Արարատցեմենտի» արտադրամաս բացելու դեմ. բաց նամակ՝ Ծառուկյանին |hetq.am|

hetq.am:  Կապանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այսօր ստորագրահավաք են կազմակերպել ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելու դեմ:

Կապանի 10 հասարակական կազմակերպություններ իրենց ստորագրություններով բաց նամակ են ուղղել Գ. Ծառուկյանին՝ նշելով, որ ընկերությունն առանց համապատասխան թույլտվության, հասարակական լսումներ կազմակերպելու ինքնակամ կառուցապատել է արտադրամասը, ինչն անվստահություն ու դժգոհություն է առաջացրել ընկերության նկատմամբ: Կապանի բնակիչների կողմից մի քանի անգամ բոյկոտվել են հասարակական լսումները, քանի որ արտադրամասի ընտրված վայրն անընդունելի է, ՇՄԱԳ նախագծում ներկայացված բնապահպանական, սոցիալ-տնտեսական հիմնավորումները՝ ոչ բավարար ու ոչ արժանահավատ:

«Մենք կտրականապես դեմ ենք բնակելի տարածքներին մոտ, օդանավակայանի հարեւանությամբ, Կապան քաղաքի մուտքային հատվածում ցեմենտի աղացման արտադրամասի շահագործմանը, սակայն դեմ չենք լինի քննարկել արտադրամասի կառուցումը սակավաբնակ կամ չբնակեցված մեկ այլ վայրում: Այդ դեպքում եւս շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմելու նպատակով անհրաժեշտ ենք համարում նախքան արտադրամասի գործարկումը արտադրամասի շրջակայքում իրականացնել մասսայական ծառատունկ՝ ստանձնելով դրանց խնամքը»,- գրված է բաց նամակում:

Կապանցիները հույս են հայտնել, որ հանրության շրջանում առկա մտահոգությունները Գագիկ Ծառուկյանը չի անտեսի, կվերանայի իր մոտեցումները նշված հարցի վերաբերյալ ու նախքան հերթական հասարակական լսումը իր հստակ դիրքորոշումը կհայտնի:

«Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը, որը եւս միացել է ստորագրահավաքին, «Հետքի» հետ զրույցում նշում է, որ, ըստ ընթացիկ հարցումների, հասարակությունը կատեգորիկ բացասական դիրքորոշում ունի այդ տարածքում ցեմենտի աղացման արտադրամաս բացելու վերաբերյալ:

«Գագիկ Ծառուկյանն օրերս հայտնել է, թե իրեն պատկանող հանքերը չի շահագործի, եթե հասարակությունը դեմ լինի: Մենք կտրականապես դեմ ենք այդ վայրում ցեմենտի աղացման արտադրամասի կառուցմանը, սակայն դեմ չենք լինի, եթե առաջնորդվեն բարձր սոցիալական, բնապահպանական ստանդարտներով, նախքան արտադրամասի գործարկումը դրա շրջակայքում իրականցվի փոշեկլանիչ հատկություններով ծառերի մասսայական ծառատունկ: Անցել են ժամանակները, որ հասարակության կամքին հակառակ, հանրային առողջության հաշվին առաջ քաշվի մասնավորի շահը»,- ասում է Ա. Փարսադանյանը:

Հիշեցնենք, որ «Արարատցեմենտի» կողմից Կապանում ցեմենտի արտադրամաս կառուցելու վերաբերյալ հանրային չորրորդ լսումը տեղի է ունենալու սեպտեմբերի 24-ին: Այն պիտի կայանար այս ամսի 5-ին, սակայն քաղաքացիական հասարակության ներկայուցիչները Կապանի համայնքապետարանում փակել էին դահլիճի մուտքը, իսկ համայնքապետ Գեւորգ Փարսյանը հորդորել էր բացել այն՝ նշելով, որ բոյկոտելով հարցը չի լուծվի: Բողոքի ակցիայի մասնակիցները բացել էին մուտքը, քննարկումը տեղի էր ունեցել, սակայն այն չէր արձանագրվել որպես չորրորդ լսում:

Ինչպես հայտնի է, Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապանում նախատեսում է ցեմենտի արտադրամաս բացել: Իրականում դրա շենք-շինություններն արդեն կառուցվել են, այնինչ դեռ ամբողջությամբ չեն կայացել ՇՄԱԳ-ի վերաբերյալ հանրային բոլոր 4 լսումները, չկա շրջակա միջավայրի նախարարության դրական եզարակցությունը, համայնքապետարանն էլ շինթույլտվություն չի տվել: Բացի դրանից՝ արտադրամասի կառուցման առնչությամբ քրգործ էր հարուցվել, որում ներգրավվել էր քաղաքի նախկին ղեկավար Աշոտ Հայրապետյանը: Նրա հանդեպ համաներում է կիրառվել, եւ քրեական հետապնդումը դադարեցվել է:

x