Բաքվում հեգնում են պաշտպանության նախարարի հայտարարությունները |lragir.am|

lragir.am։ Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանը, նշել է.«Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, և մենք երազում ենք այդ մասին. այն շուտով ի կատար կածվի»։

Իրականում Զաքիր Հասանովի հայտարարության հետևում ես մի քանի դրդապատճառ եմ տեսնում։ Մեկը Ադրբեջանի ներքին ընդհանուր գործընթացներն են։ Եթե հիշում եք, ամիսներ առաջ նա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իրենք պատրաստ են պատերազմի, բայց միջազգային իրավիճակը թույլ չի տալիս գնալ այդ քայլին։

Եվ այս հայտարարությունը Ադրբեջանում՝ ներհասարակական տիրույթում բազմաթիվ քննարկումների առարկա էր դարձել։ Նրան հեգնում էին, որ մի կողմից դու հայտարարում ես, որ կհասնես Երևան, մյուս կողմից ասում ես, որ չես կարող պատերազմ սկսել։
Այս հայտարարությունը կարծես միտված էր հակակշռելու կամ կոծկելու նախկին հայտարարությունը։

Սակայն, ըստ էության, կրկին այն բավականին անհաջող ստացվեց, որովհետև նախ հարցազրույցի ժամանակ նշում է, որ ինքը փորձում է մեկնաբանել Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունը և նշում է, որ եթե այդպես է, ապա մենք ավելի շատ ենք կրկնում, որ Ղարաբաղը մերն է և հավելում է, որ մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում և երազում ենք այդ մասին։

Դրան հաջորդող բոլոր մեկնաբանությունները դարձյալ հեգնական էին։ Մոտավորապես այս ոճի մեկնաբանություններ էին՝ «հալվա, հալվա ասելով բերանդ չի քաղցրանում»։

Իսկ ընդհանուր առմամբ, սա ներքին իրավիճակի հետևանք է, մյուս կողմից էլ առաջիկայում սպասվում է ԱԳ նախարարների հանդիպում Նյու Յորքում, և դրան ընդառաջ ռազմատենչ ուղերձներ են փորձում հղել, որ հետ չեն կանգնելու իրենց նախկին գործելաոճից և ևս մեկ անգամ ապացուցում են, որ երբ մենք խոսում ենք մթնոլորտի առողջացման, ատելության խոսքի բացառման և այլ բաների մասին, ամբողջությամբ արդարացված է, և մենք պետք է շարունակենք առաջ շարժվել մեր օրակարգով։

Ադրբեջանը հայտարարել է նոր զորավարժության մասին։ Որքանո՞վ սա լարվածություն կառաջացնի սահմանին։

Զորավարժությունների վերաբերյալ կա տեղեկություն և, ըստ էության, վերջին շրջանում շատ ակտիվ են և փորձում են շարունակ հասարակությանը ցույց տալ, որ հետ չեն կանգնել ռազմական ճանապարհով խնդրի լուծման իրենց մոտեցումից, բայց դրան զուգահեռ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» ազգայնական կուսակցությունը հայտ է ներկայացրել ցույց կազմակերպելու՝ նվիրված ղարաբաղյան հարցին, բացի դրանից՝ նաև Ալիևների կոռուպցիոն համակարգերին, ավտորիտարիզմին:

Այս ցույցերն արտոնել-չարտոնելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, բայց նշեմ, որ վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանում ցույցեր չեն կազմակերպվում, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է Ղարաբաղի թեմային։ Եվ հետաքրքիր է՝ արդյոք այս ցույցը արտոնություն կստանա, թե ոչ, որովհետև ըստ էության դրա հիմնական ուղերձը լինելու է իշխանությունների քաղաքականությունը Ղարաբաղի հարցում քննադատելը։

Այդուհանդերձ, կարծում եմ՝ դրա անցկացման հայտի ներկայացումն արդեն իսկ պատահական չէ և խոսում է երկրի և հասարակության ներսում բազմաթիվ քննարկումների մասին, որոնք ադրբեջանական ավտորիտար ռեժիմի և փակության արդյունքում քիչ տեսանելի են, այդուհանդերձ դրանք հստակորեն առկա են։

Շարունակությունը՝ lragir.am-ում

x