Մենք բարեկամներ ենք, այդ պատճառով մենք միմյանց ճնշել չէինք կարող. պատգամավորը՝ Իջևանի նախկին քաղաքապետի ստիպողաբար հրաժարականի մասին |tert.am|

tert.am։ Վերջերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրը, ով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնքահայրն է, նշանակվել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար: Հարցին, թե արդյոք սա չի՞ նշանակում, որ երկրում նորից գործում է խնամի-ծանոթ-բարեկամին աշխատանքի տեղավորելու սկզբունքը, Վահե Ղալումյանը պատասխանեց՝ համաձայն չէ այդ ձևակերպմանը:

«Հավանական է, որ եղբայրս ժամանակավոր պաշտոնակատար կլինի 2-3 ամիս: Դեկտեմբերի սկզբին Իջևանում նախատեսվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն և իջևանցիներն են ընտրելու, թե ով է լինելու իրենց հաջորդ քաղաքապետը»,- պատասխանեց Ղալումյանը:

Պատգամավորի խոսքով, այս պահին տեղյակ չէ՝ իր եղբայրը ևս կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ:

Հարցին՝ նախկին քաղաքապետի հետ ինքը և՞ս ունի ազգակցական կապեր, ինչպես նաև մամուլում շրջանառվող պնդումներին, թե նախկին քաղաքապետի վրա ճնշումներ են եղել, որի արդյունքում հրաժարական է տվել, Ղալումյանը պատասխանեց. «Մամուլում նման թեմաներ նկատել եմ, բայց նախկին քաղաքապետը հրաժարականի մասին դեռ ոչ մի պատճառ չի ներկայացրել: Ես էլ իրավունք չունեմ մեկնաբանելու: Այն, որ մենք բարեկամներ ենք, իրական է, այդ պատճառով մենք միմյանց ճնշել չէինք կարող»:

x