Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպին մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ |aysor.am|

aysor.am։ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ, հայտնում են Քննչական կոմիտեից։

Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով:

Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո:

Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը:

2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա:2019թ սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին իրենց մոտ է ընդունվել նշված սպան՝ «Փակ ծանր ԳՈՒՎ:գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել:

Նախաքննությունը շարունակվում է:

x