Ադրբեջանցի դիվերսանտի դին ԿԽՄԿ-ի միջնորդությամբ դուրս է բերվել շփման գծից |factor.am|

factor.am։ Արցախա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում սպանված ադրբեջանցի զինծառայող Ռամին Աբդուլռահմանովի դին դուրս է բերվել հակամարտ զորքերի շփման գծից: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ադրբեջանցի զինվորի դին դուրս է բերվել հակամարտ զորքերի շփման գծից»,- տեղեկացրել են ԿԽՄԿ-ում:

Արցախի ՊՆ-ն տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 22-ին ժամը 16:15-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: «ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից»,- ասված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում: Բաքուն ավելի ուշ հաստատել էր ադրբեջանցի զինծառայողի զոհվելու փաստը, սակայն հերքել արցախա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում դիվերսիայի փորձի մասին տեղեկությունը: Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ՝ զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակամարտ զորքերի դիրքերի մեջտեղում:

x