ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել ՌԴ պատվիրակության 10 անդամի՝ ՄԱԿ-ի ԳԱ-ին մասնակցելու համար. ԱԳՆ-ն արձագանքել է |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն մուտքի արտոնագիր չի տրամադրել ՌԴ պատվիրակության 10 անդամի, այդ թվում՝ Դաշնային խորհրդի անդամ Կոնստանտին Կոսաչովին, որոնք Նյու Յորքում պետք է մասնակցեին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին: ՌԴ ԱԳՆ-ն վրդովմունք է արտահայտել այս կապակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Դա ՄԱԿ-ի անդամների նկատմամբ ԱՄՆ-ի անհարգալից վերաբերմունքի, ինչպես նաև որպես համաշխարհային կազմակերպությանն ընդունող երկիր՝ իր պարտականությունների չկատարման վրդովեցուցիչ օրինակ է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ամերիկյան կողմը վիզաների չտրամադրումը բացատրել է տեխնիկական դժվարություններով, իսկ ռուսական պատվիրակության անդամներին մեղադրել ժամանակին փաստաթղթերը չներկայացնելու համար:

Զախարովան, սակայն, պնդել է, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Այդպես չէ: Փաստաթղթերը ներկայացվել են այն ժամկետներում, որոնք նշվել են հենց ամերիկացի դիվանագետների կողմից: Ավելի վաղ՝ թռիչքից մի քանի ամիս առաջ ներկայացված փաստաթղթերը վերադարձվել են՝ «Վաղ եք ներկայացրել» գրությամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ սա «ինքնիշխան պետությունների և միջազգային կազմակերպությունների իրավունքների անտեսման հերթական ակտ է»:

Նշենք, որ սեպտեմբերի 24-30-ը Նյու Յորքում անցկացվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը, որին մասնակցում է շուրջ 200 երկրի ներկայացուցիչ:

 

x