Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատախազություն |pastinfo.am|

pastinfo.am։ Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի պաշտպանական խումբը նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնել դատախազություն։ Այս մասին ասաց Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանից։

«Սպասում ենք նրանց պատասխանին։ Դեռևս չկա պատասխանը, բայց մոտակա օրերս պետք է լինի։ Այդ է պատճառը, որ հիմա որևէ գործողություն չենք անում։ Դավիթ Սանասարյանը գրել էր, որ կսպասենք Դատախազության դիրքրոշումը կունենանք և ըստ այդմ կորոշվի հետագա գործողությունները»,-ասաց պաշտպանը՝ ավելացնելով, որ ակնհայտորեն չկան քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր, բայց արդեն ամիսներ շարունակ իրականացվում է քրեական հետապնդումը։

Արսեն Սարդարյանն ընդգծեց, որ քրեական գործի նյութերն ամբողջ ծավալով ուսումնասիրելուց հետո հասկացել է՝ չկա որևէ ապացույց, որը կարող է փաստել՝ Սանասարյանը հանցագործություն է կատարել. «Ակնհայտ է, որ նույնիսկ ենթադրյալ ապացույցները, օրինակ Սամվել Ադյանի ցուցմունքով, որը փոփոխված է և արժանահավատ չէ, Սանասարյանը որևէ կերպ չի արատավորվում։ Այսինքն այդ ցուցմունքը ոչ միայն չի համապատասխանում մյուս ցուցմունքներին և կեղծ է, այլ նույնիսկ եթե դա հիմք ընդունենք, այդ ցուցմունքով էլ գրվում է, որ Սանասարյանն ազնիվ է եղել»,-հավելեց պաշտպանը։

Ավելին՝ pastinfo.am-ում

x