Հայաստանի և Չեխիայի վարչապետերը քննարկել են երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր

 ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ։

Վարչապետը նշել է, որ Չեխիան Հայաստանի լավ գործընկերն է, և Հայաստանը հետաքրքրված է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության խորացմամբ։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար՝ նշելով, որ համաձայնագիրը համահունչ է ՀՀ բարեփոխումների օրակարգին և դրա արագ վավերացումը կնպաստի այդ օրակարգի արդյունավետ իրագործմանը։

Անդրեյ Բաբիշի խոսքով՝ Չեխիան ևս կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ ձևաչափերով հարաբերությունների խորացումը և պատրաստ է քննարկել այդ ուղղությամբ հետագա համատեղ քայլերը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, ծառայությունների ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Հայաստանի և Չեխիայի վարչապետերը մտքեր են փոխանակել նաև Եվրոպական միության շրջանակում փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների և մարտահրավերների շուրջ։

Հայաստանի վարչապետը կարևորել է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

ՀՀ կառավարություն

x