Իմ զբաղեցրած պաշտոնը հանձնարարականներ ստանալու պաշտոն չէ․ Արթուր Դավթյան |civilnet.am|

civilnet.am: Մարտի 1-ի գործով վկաների անվտանգության հետ կապված քայլեր արվել ու արվում են․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նա խոսեց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից հետո լրատվամիջոցներից երկուսում հայտնված այն տեղեկության մասին, որ ճնշում է եղել իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից։ Գլխավոր դատախազը մասնակցում էր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջազգային գիտագործնական գիտաժողովին, որից հետո ճեպազրույց տվեց։

Հայկ Հարությունյանի մահվան դեպքից հետո տարածվող տեղեկությունների մասին գլխավոր դատախազն ասաց, որ «համապատասխան մարմինն արձագանքել է դեպքին, և նման տեղեկություն չկա»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը կարո՞ղ է ազդել Մարտի 1-ի գործի վրա, ինչին ի պատասխան գլխավոր դատախազը նշեց. «Մարտի 1-ի գործի քննությունը շատ ակտիվ իրականացվում է, իսկ յուրաքանչյուր դետալ, էլ չեմ ասում այսպիսի կարևոր իրադարձություն, իր առանցքային նշանակությունն է ունենալու որոշակի վարկածների ընտրության և այդ վարկածներով որոշակի ուղղությամբ քննությունը խորացնելու համար»։

Դատախազն անդրադարձավ նաև Մարտի 1-ի գործի՝ փակուղում հայտնվելու մասին պնդումներին. «Որ գործը փակուղում է, այդպիսի բան ես երբեք չեմ ասի ձեզ։ Ես վստահ եմ, որ դետալները բացահայտվելու են, դա կլինի վաղը, մեկ ամսից կամ տարուց, չեմ կարող ասել»։

Արթուր Վանեցյանը մեկնաբանեց նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը։ Հարցին, թե արդյոք հանձնարարականներ ստացե՞լ է գործադիրից, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես երբևէ որևէ մեկից հանձնարարական չեմ ստացել։ Իմ զբաղեցրած պաշտոնը հանձնարարականներ ստանալու պաշտոն չէ»։

Հարց ուղղվեց նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (ըստ կառավարության կայքի՝ ծառայությունը դադարեցված է) գործի մասին։ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, Սանասարյանի պաշտպանական խումբը պնդում է, որ քրեական գործը պետք է կարճվի, քանի որ փաստերը բավարար չեն. «Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ստացվել է դատախազությունում, և դատախազը պետք է իրականացնի հսկողական գործառույթները, եթե ես հիմա գնահատականներ տամ, կկաշկանդեմ այդ դատախազին»,- նշեց Արթուր Դավթյանը։

x