Օգոստոսին «Սանիթեքին» վճարված 165 մլն դրամը առավել քան բավարար է աշխատավարձը բաժանելու համար. Հակոբ Կարապետյան |aysor.am|

aysor.am: Քաղաքապետարանը օգոստոսին «Սանիթեքին» վճարել է 165 մլն դրամ, քաղաքապետարանի դիմաց «Սանիթեքի» աշխատակիցների բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Օգոստոս ամսվա աշխատավարձային պարտավորությունը կազմում է 132 մլն դրամ, այսինքն՝ վճարված 165 մլն դրամը առավել քան բավարար է «Սանիթեքին» աշխատավարձը բաժանելու համար, սա ֆիքսում ենք», - ասաց Կարապետյանը:


Դիտարկմանը, թե «Սանիթեքը» պնդում է, որ նախ այլ ծախսեր են արվում, հետո նոր բաժանում են աշխատավարձերը, Կարապետյանն ասաց.

«Ես չգիտեմ՝ ինչքանով է այդ խնդիրը վերաբերում քաղաքապետարանին: Վերջինս, կրկնում եմ, բավականին չափով գումար վճարել է «Սանիթեքին» աշխատավարձերը վճարելու համար»:

Նա նաև հավելեց, որ այս պահին քաղաքապետարանը փնտրում է տարբերակներ այս հարցը հօգուտ քաղաքացիների լուծելու համար:

«Թե ինչպիսին կլինեն արդյունքները, ես չեմ կարող ասել, որովհետև հասկանալի է, որ հարցը ոչ այնքան քաղաքապետարանից է կախված, որքան այլ սուբյեկտներից, իսկ ընդհանրապես պետք է փաստենք, որ երբ գործատուից ինչ-որ պահանջ ես ունենում, դա ներկայացնում ես գործատուին», - նկատեց Հակոբյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքապետերանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում: «Սանիթեքի» աշխատակիցները պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը: Այս պահին քաղաքացիները նստացույց են իրականացնում քաղաքապետարանի դիմաց:

Թեև քաղաքապետի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ քաղաքապետերանը աշխատավարձերը վճարելու համար բավականաչափ գումար արդեն իսկ վճարել է «Սանիթեքին», մինչդեռ ավելի վաղ քաղաքացիների հետ զրույցում քաղաքապետարանի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքապետարանը պատրաստ է վճարել իրենց աշխատավարձերը, եթե «Սանիթեք» կազմակերպությունը քաղաքապետարանին փոխանցի այն հաշվապահական փաստաթուղթը, որի մեջ գրված է, թե որքան գումար է պարտք կազմակերպությունն աշխատակիցներին:

x