Կրթական քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանին

«Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը» ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բաց նամակ-հայտարարություն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Հարգելի պարոն Հարությունյան,

Այս բաց նամակը արտահայտում է մեր` հանրային հատվածի, մասնագիտական և ծնողական համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավաքական կարծիքը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՀՄԿ) տնօրեն Արմինե Դավթյանի` երեխայի հետ աշխատանքի վերաբերյալ հանրային տիրույթում կատարված ոչ մասնագիտական և անթույլատրելի պնդումների շուրջ։

Սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի աշխատասենյակում կազմակերպվել է մասնագիտական, կրթական և քաղաքացիական հասարակության համայնքների, ինչպես նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հանդիպումը տիկին Դավթյանի հետ։

Հանդիպման ընթացքում տիկին Դավթյանը վերահաստատեց իր համոզմունքը համացանցում տարածված տեսանյութում և տարբեր գրառումների ներքո արված մեկնաբանություններում արտահայտած մեթոդների հավաստիության ու արժանահավատության մեջ` ըստ էության ևս մեկ անգամ տեսակետ հայտնելով, որ երեխաների նկատմամբ բռնությունը մասնագիտական և ոչ մասնագիտական գործունեության մեջ թույլատրելի է:

Հայտարարում ենք, որ ՀՄԿ տնօրեն տիկին Արմինե Դավթյանի մասնագիտական դիրքորոշումները, գիտելիքները, իր մասնագիտական գործունեության անբաժանելի մաս կազմող արժեհամակարգային կողմնորոշումները համատեղելի չեն իր զբաղեցրած պաշտոնի և իր կողմից ղեկավարվող կառույցի առաքելության և ռազմավարական նպատակների հետ։

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք`

1. Ազատել տիկին Արմինե Դավթյանին զբաղեցրած պաշտոնից,

ինչպես նաև

2. Վերանայել ՀՄԿ տնօրենի, ինչպես նաև մանկավարժական աշխատանքի հետ առնչություն ունեցող այլ պաշտոնյաների որակավորումներին ներկայացվող պահանջներն այնպես, որ հետագայում բացառվեն նման դեպքերը:

3. Տվյալ պաշտոնների համար անցկացվող մրցույթներում նախատեսել բավարար գործիքակազմ` պաշտոնի հավակնորդների մասնագիտական կոմպետենցիաները և մանկավարժական մոտեցումները բացահայտելու համար:

4. Ստեղծել մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան հետևողականորեն ապահովել մանկավարժական աշխատողների մասնագիտական և էթիկայի կանոնների կիրառումը պրակտիկայում և դրանց խախտման դեպքերի վերհանումը:

5. Ժամանակին, համարժեք և կտրուկ պատժամիջոցներով արձագանքել ընթացակարգային և բովանդակային խախտումներին:

Հայտարարության ամբողջական տեքստը այստեղ։

x