Հայաստանն ու Չինաստանը կիրականացնեն հետախուզվող անձանց փոխանակում |armenpress.am|

armenpress.am։ Կառավարությունը հավանություն տվեց 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին:

Հիմնավորման մեջ նշվում է. «Հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով պետությունները կնքում են բազմակողմ և երկկողմ պայմանագրեր, որոնցով կարգավորվում են կողմերի՝ պետությունների միջեւ հանձնմանն առնչվող իրավական մեխանիզմները:

Պայմանագրի Կողմերը Պայմանագրի դրույթներին համապատասխան և Հայցվող Կողմի պահանջով, պարտավորվում են մյուս Կողմին հանձնել իրենց տարածքում հայտնաբերված և Հայցվող Կողմի կողմից հետախուզվող ցանկացած անձի՝ այդ անձի նկատմամբ քրեական վարույթ կամ նշանակված պատիժն իրականացնելու նպատակով:

Պայմանագրով հստակ կարգավորվում են հանձնման համար հիմք հանդիսացող հանցանքները, հանձնում իրականացնելու պարտադիր եւ հայեցողական, ինչպես նաեւ քաղաքացիների մերժման հիմքերը, հաղորդակցության ուղիները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հարցումն ապահովելու նպատակով:

Այն նախատեսում է մինչեւ հանձնումը հետախուզվող անձի ժամանակավոր կալանավորման հնարավորություն: Պայմանագրում առկա են նաեւ հանձնման ենթակա անձի հանձնման, վերահանձնման, հանձնման հետաձգման եւ ժամանակավոր հանձնման հետ կապված ընթացակարգային դրույթներ: Մի քանի պետություններից ստացված հարցումների պարագայում Պայմանագրով դիտարկվում են այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են վերոնշյալ Պայմանագրի դրույթներին ներկայացված հարցումների համապատասխանությունը, տարբեր հանցանքների ծանրության աստիճանը, հանցանքի կատարման ժամանակը, վայրը եւ այլն:

Հետախուզվող անձի կողմից հանցագործության արդյունքում ձեռք բերված միջոցները, հանցագործության գործիքներն ու այլ գույքը, որոնք կարող են օգտագործվել որպես իր տարածքում գտնված ապացույցներ, հանձնման մասին հարցումը բավարարելու դեպքում, բռնագրավում է Հայցվող Կողմը՝ իր ազգային օրենսդրությանը համապատասխան:
Պայմանագրով կարգավորվում են նաեւ տարանցիկ փոխադրմանը, ինչպես նաեւ ծախսերին առնչվող իրավահարաբերությունները:

Հաշվի առնելով հանձնմանն առնչվող երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերի առկայության դրական ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման գործում՝ կարեւորում ենք հատկապես այս բնագավառում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկկողմ պայմանագրի կնքումը, քանի որ Կողմերի պետությունները միասին չեն հանդիսանում որեւէ բազմակողմ միջազգային պայմանագրի Կողմ, ինչպես նաեւ դեռեւս կնքված չէ իրավական փոխօգնության, դատապարտյալների փոխանցման, հանձնմանն առնչվող իրավական կարգավորումներ նախատեսող որեւէ երկկողմ պայմանագիր:

Տարեցտարի Կողմերի պետությունների քաղաքացիների հոսքի ավելացումը Հայաստանի Հանրապետություն եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կարող է հանցագործությունների հնարավոր աճի տեղիք տալ, ուստի երկկողմ պայմանագրերի կնքումը ներկայումս դարձել է հրատապ խնդիր:

Հաշվի առնելով վերոգրյալ հանգամանքները՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագրի վավերացումը գտնում է նպատակահարմար:

Նշենք, որ Պայմանագրի յուրաքանչյուր Կողմ պետք է մյուս Կողմին դիվանագիտական հայտագրով տեղեկացնի, որ իր օրենքների շրջանակներում արվել են Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերը:

2019 թ. հուլիսի 18-ի դրությամբ՝ չինական կողմից չի ստացվել ծանուցում՝ Պայմանագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ներպետական ընթացակարգերի կատարման մասին»:

x