Պատգամավորները լրացրեցին տոտալիզատորների մասին օրինագիծը |news.am|

news.am։ Հասատատությունները, որտեղ կազմակերպվելու եւ անցկացվելու են ազարտային խաղեր, չպետք է գերազանցեն 200 քառ.մետր մակերեսը: Սեպտեմբերի 27-ին ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցությունից ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Նա թվարկեց նաեւ ավելի վաղ իր առաջարկած օրինագծում խորհրդարանականներից ստացված այլ լրացումներ:

Հիշեցնենք, որ այս օրինագծում խոսքը բուքմեյքերական ընկերությունների եւ վիճակախաղային էլեկտրոնային սարքերի գործունեության սահմանափակման մասին է: Նախատեսվում է հետագայում հանրապետությունում բուքմեյքերական կետերն ամբողջությամբ արգելել, բայց դա տեղի կունենա միայն 1,5 տարի հետո:

Օրինագծում սահմանվում է, թե ինչ է բուքմեյքերական ընկերությունը, ինչպես նաեւ դրանց տարատեսակները: Արգելք է մտցվում նաեւ Հայաստանի տարածքում տեղական ցանցի միջոցով արտասահմանյան ընկերությունների-տոտալիզատորների ծառայությունների գովազդի վրա:

Առաջարկվում է սահմանել տարիքային նվազագույն շեմ՝ 21 տարեկան, պարզաբանելով, որ խաղային հաստատություններում քաղաքացուն «խաղին» թույլտվություն տալուց առաջ աշխատակիցները պարտավոր են նրանից անձը հաստատող փաստաթուղթ պահանջել: Ընդ որում՝ կգրանցվեն նաեւ այս հարցում վերահսկողությունը մեծացնելու այլ պահանջներ:

Դրանից բացի, առաջարկվում է անաշխատունակ ճանաչված անձանց մասնակցության սահմանափակում, հասարակական վայրերում արգելափակել ազարտային խաղեր կազմակերպողների կայքերը եւ կանխիկ միջոցներով վճարման սահմանափակումներ սահմանել:

Նաեւ ընտանիքի անդամները անհրաժեշտության դեպքում կարող են դիմել դատարան՝ ընտանիքի այլ անդամի հասանելիությունը ազարտային խաղերին սահմանափակելու խնդրանքով, եթե վերջինի մոտ խաղամոլության նշաններ կան:

x