Գագիկ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը․փաստաբան |lragir.am|

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննարկվել է ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանների բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով Խաչատրյանը կալանավորվել է:

Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ Գագիկ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Այս քրեական գործով, չնայած որ մեղադրանքը չենք ընդունում, սակայն տեսնելով այդ արհեստական մոտեցումը, մեր հորդորով պետական համապատասխան մարմնի դեպոզիտ հաշվին վճարվել է կոնկրետ այս հոդվածներով նշված մեղադրանքների գումարները՝ որպես ենթադրյալ պատճառված վնասի փոխհատուցում: Մեղադրանքների մեջ գրված է՝ 192 մլն դրամ և 34 մլն: Այս գումարները վճարվել են դեպոզիտ հաշվին՝ ցույց տալու համար անձի դրական վարքագիծը քննության ամբողջ ընթացքում»,- նշեց փաստաբանը:

Ըստ նրա՝ հետհեղափոխական Հայաստանում բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարվել է՝ եթե նման դեպքերում վնասը վերականգնվում է, խնդիրն այն չէ, որ անձինք հայտնվեն բանտերում: Ըստ նրա՝ որևէ փաստական տվյալ չկա, որ անձը հանցագործությունը կատարել է, չկան կալանավորման փաստական հիմքեր, անձի մոտ առկա են հիվանդություններ, որոնք Հայաստանում չեն կարող բուժվել, և այս ամենի համատեքստում ասում են, որ գրավը թույլատրելի է, դատարանն էլ որևէ պատճառաբանություն չի նշում:

«Հիմա այսքանից հետո եթե որևէ մեկը կասի, որ խոսք է գնում արդար դատաքննության մասին, ակնհայտ է, որ նման բան չկա»,- հավելեց նա:

Երեմ Սարգսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ակնհայտ և կոպիտ խախտումներ: Այսինքն՝ կալանավորումն այնպիսի հանգամանքներով է հիմնավորել, որոնք հանգեցրել են ակնհայտ կոպիտ խախտումների, որի համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հաղորդում են ներկայացել Արդարադատության նախարարին և դատավորների ընդհանուր ժողովին:

«Մեղադրանքի վերաբերյալ ընդհանրապես որևէ փաստական տվյալ չկա, այսինքն՝ դատարանը նույնիսկ չէր կարող ընդհանրապես պատկերացնել՝ արդյոք այս մեղադրանքն առկա է, նման հանցագործություն առկա է, թե ոչ: Բայց ի՞նչ է արել դատարանը, գրել է, որ այս հոդվածով հիմնավոր կասկածն առկա է: Ցանկացած ողջամիտ անձ, եթե ուսումնասիրի դատարանի որոշումներն ու նյութերը, կտեսնի, որ ընդհանրապես դատարանը չուներ փաստական տվյալ, նյութ, որի հիման վրա կարող էր հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարել»,- ասաց նա:

Հարցին, թե քննչական մարմինը հիմնավորում չի՞ ներկայացրել, փաստաբանը պատասխանեց, որ դատարանի տրամադրության տակ չկան այդպիսի նյութեր, դատարանը չի հետազոտել այդպիսի նյութեր և դատարանի որոշման մեջ չկան նշումներ այդպիսի նյութերի մասին: Այսինքն՝ դատարանը մեխանիկորեն հաստատել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, այն դեպքում, երբ փաստաբանները 21 էջանոց առարկություն են ներկայացրել:

Փաստաբանն ասաց, որ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելուց առաջ միջնորդություններ էին ներկայացվել դատարան՝ խուզարկություններ իրականացնելու համար, և այդ միջնորդությունները մակագրվել էին նույն դատավորին: Եվ նա առանց որևէ փաստական տվյալի բավարարել էր այս միջնորդությունները: Դրանից հետո Գագիկ Խաչատրյանի ձերբակալության դեմ բողոք ներկայացվեց դատարան, որը դարձյալ մակագրվեց նույն դատավորին: Եվ նույն դատավորը դարձյալ քննեց կալանավորման միջնորդությունը: Սա ապացուցում է, որ միտում կա:

«Եթե նույն նյութերի հիման վրա դատարանը չի կարողացել ձերբակալման հիմնավորվածություն ապացուցել, հարց է ծագում, թե ինչպե՞ս եղավ, որ նույն նյութերի հիման վրա կալանավորման հիմնավոր կասկած հաստատեց: Այսինքն՝ այս ամենը վկայում է այն մասին, որ դատարանն ընդամենը մեխանիկական որոշում է կայացրել, և բոլոր միջնորդություններն ու բողոքները, որոնք դատարան ենք ներկայացրել, երևի հատուկ նույն դատավորին են մակագրվում, որպեսզի կայացնի այն որոշումը, որը իրենց ձեռնտու է»,- ասաց նա:

Ըստ փաստաբանի՝ դատարանը հիմնավոր կասկածի հարցից հետո պետք է անդրադառնար նաև կալանավորման հիմքերին, այսինքն՝ հարցին, թե անձը ազատության մեջ մնալով արդյոք կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից կամ կխոչընդոտի գործի քննությանը:

«Մեկ շատ կարևոր փաստական տվյալ՝ Գագիկ Խաչատրյանը, գտնվելով Գերմանիայի Դաշնությունում, վիրահատություն է տարել, 2018 թվականին վերջին վիրահատությունն էր, որը ծանր հիվանդություն է, հետվիրահատական բուժման փուլում քննիչի առաջին իսկ զանգով ու կանչով վերադարձել է ՀՀ, որպեսզի իր մասնակցությամբ քննություն իրականացվեր: Դրանից հետո պետք է նորից մեկներ՝ կարճատև բուժման, բայց այդ ամենը երկար ժամանակ արգելվել է Գագիկ Խաչատրյանին, համապատասխան թղթեր կային պետական մարմինների կողմից, որ առկա են ծանր հիվանդություններ, որոնց բուժումը ՀՀ-ում հնարավոր չէ: Միայն այս փաստական տվյալը բավարար էր, որ անձին թույլ տային մեկնել, բուժում ստանալ ու վերադառնալ»,- նշեց նա:

Փաստաբանը հիշեցրեց, որ Հատուկ քննչական ծառայությունում շուրջ վեց ամիս քննված ծանր հանցագործության գործով որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

«Հիմա ի՞նչ եղավ, որ վեց ամիս հետո որոշեց, որ եթե Գագիկ Խաչատրյանն ազատության մեջ մնա, կխոչընդոտի կամ կթաքնվի: Իմ պաշտպանյալի դիրքորոշումը հետևյալն է՝ թող լինի ամբողջական քննություն, պարզաբանվեն բոլոր հիմքերը, եթե կա խնդիր, որը կհիմնավորվի փաստական տվյալներով ու դատարանով, այդ ամենին ինքը պատրաստ է պատասխան տալ: Բայց պետք չէ, որպեսզի արհեստականորեն կալանքի հիմքեր ստեղծվեն: Դատարաններն այս գործով համատարած խախտումներ են թույլ տալիս, որոնց շուտ թե ուշ անդրարադարձ են կատարվելու, և չի բացառվում, որ ՄԻԵԴ-ում արձանագրվեն այս խախտումները»,- հավելեց փաստաբանը:

Կալանքի դեմ վերաքննիչ բողոքի քննությունից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը:

x