Հետապնդել են Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին. նրան թիկնապահ է տրամադրվել.|armtimes.com|

armtimes.com:    Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին քիչ առաջ թիկնապահ է տրամադրվել:

Մոտ մեկ ժամ առաջ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ «հետապնդում» եւ հարցեր տալիս Աննա Դանիբեկյանին: Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»: Նրանք Աննա Դանիբեկյանին «հետանդեցին» մինչեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:

Այս միջադեպին անդրադարձել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնելով, որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության եւ տան անդամների պաշտպանության ուղղությամբ։ Քիչ առաջ կատարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել բարձրագույն դատական խորհուրդը, որում ասվում է. Այսօր՝ 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Կատարվածի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանն անմիջապես տեղյակ է պահել Բարձրագույն դատական խորհրդին և այս պահին հաղորդում է ներկայացնում Ոստիկանությանը: Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում, որով կվտանգվի նրա անկախությունն ու մասնագիտական գործունեությունը, և հայտարարում, որ հետևողական է լինելու, որպեսզի օրենքի առաջ կանգնեն և խստագույնս պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, ոնքեր կփորձեն որևէ տեսակի ոտնձգություն գործել դատավորների, նրա պատվի և արժանապատվության, մասնագիտական գործունեության դեմ:

x