Ես Նորաշենի գյուղապետին չեմ առաջարկել դառնալ ՔՊ անդամ եւ ձայներ ապահովել ինձ համար, դա սուտ է. Արարատի մարզպետ |news.am|

news.am։ Պատասխանատու հայտարարում եմ, որ սուտ է, թե ես Նորաշենի համայնքի ղեկավարին առաջարկել եմ դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Արարատի մարզպետարանում Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի մասնակցությամբ հանդիպման ժամանակ նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Ես որեւէ համայնքի ղեկավարի չեմ առաջարկել դառնալ ՔՊ անդամ: Մատների վրա կարելի է հաշվել մարդկանց, որ այս մարզից դարձել են ՔՊ անդամ: Դրանց թվում ոչ մի համայնքի ղեկավար չկա»,-հայտարարեց նա:

Նորաշենի համայնքապետը պնդեց, որ մեկ տարի առաջ մարզպետն իրեն նման առաջարկ արել է, սակայն ինքը բնականաբար չունի ձայնագրություն:

Մարզպետ Գարիկ Սարգսյանը շարունակեց. «Երկրորդ սուտը, իբր ընտրությունների ժամանակ ակնկալիք եմ ունեցել, որ ինքն ինձ համար ձայներ ապահովի: Ես նրան ոչ մի անգամ նման հարցով չեմ դիմել, նման ակնկալիք չեմ ունեցել: Տարբեր մարդիկ են դեսպանի տեսքով եկել եւ փոխանցել իր խոսքը, որ ինքը պատրաստ է տարբեր ձեւերով ապացուցել, որ ինքը այսքան ձայն կարող է ապահովել: Ես էլ այդ մարդկանց ասել եմ՝ փոխանցեք, որ ես դրա կարիքը չունեմ: Ռոստովներից որ ձեր եղբոր ընկերները եկել էին ընտրության օրերին այստեղ էին»:

Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:

x