RElection [#11] Իրատեսական է ակնկալել, որ ընտրական բարեփոխումների ամբողջ շրջափուլը կավարտենք 1-1,5 տարվա ընթացքում․ Համազասպ Դանիելյան

RElection նախագծի շրջանակներում ընտրական բարեփոխումների թեմայով զրուցել ենք Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Ընտրական օրենսգրքի», «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանի հետ։ Հարցազրույցն իրականացվել է սեպտեմբերի 24-ին։

-Դուք նշել էիք, որ գնում ենք բարեփոխումների փուլային ճանապարհով, ըստ այդմ՝ կարող ենք հասկանալ, որ դա է այս պահին քննարկվող հարցերի ոչ շատ լայն շրջանակի պատճառը։ Սակայն, հաշվի առնելով, որ դեռ նախորդ տարի պատրաստ էր ԸՕ բարեփոխումների հայեցակարգը, արդյո՞ք մյուս բարեփոխումները հետաձգելը ժամանակի կորուստ չէ։
-Ո՛չ ժամանակի կորուստ չէ։ Ու նաև համաձայն չեմ, որ ասում եք՝ հարցերի նեղ շրջանակ ենք ընդգրկել։ Օգտվում ենք այն բացառիկ հնարավարությունից, որ մենք հաջորդ համապետական ընտրություններից շատ վաղ ենք սկսել գործընթացը  և առիթ ենք տալիս թե՛ հանրությանը, թե՛ բոլոր շահագրգիռ կողմերին շատ մանրամասնորեն հետևել, թե կուզեք՝ նաև մասնակցել փոփոխությունների ձևավորմանը։ Այս մոտեցումն էապես տարբերվում է նրանից, ինչ որ ունեցել ենք նախկինում, երբ այդ փոփոխությունները լավագույն դեպքում շատ կարճ ժամանակահատվածում Ազգային ժողովում են քննարկվել։ Իհարկե, խոսքը չի վերաբերում 2018 թվականի աշնանը, որը բավական յուրահատուկ էր․ փոփոխությունների ձևավորման երկու գործընթաց զուգահեռ էր գնում՝ գործադիրում՝ մի, օրենսդիրում լրիվ այլ գործընթաց։

Դուք հղում կատարեցիք 2018 թվականի ամռան վերջին հրապարակված հայեցակարգին, որն իր մեջ պարունակում էր Հայաստանի ընտրական համակարգի հետ կապված խնդիրների դիագնոստիկան, ինչպես նաև երկարաժամկետ լուծումները, բայց այդ հայեցակարգը նույնը չէ, ինչ փոփոխությունները, քանի որ հայեցակարգի հիման վրա առաջարկվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները նախորդ ԱԺ-ին, որտեղ հիմնականում ներկայացված էին այն փոփոխությունները, որոնք իրատեսական էին իրականացնել արտահերթ ընտրություններից առաջ։

Հիմա իրավիճակն էապես տարբեր է, քանի որ խոսում ենք նոր Ազգային ժողովի մասին, և ընտրական համակարգը փոփոխելը հրատապ չէ, քանի որ փոփոխությունների մի մասն ուղղակիորեն կապ ունեն սահմանադրական փոփոխությունների հետ, հետևաբար, տրամաբանական չէր լինի հիմա հապճեպ ունենալ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, հետո ունենալ սահմանադրական փոփոխություններ, որից հետո նորից անխուսափելիորեն անհրաժեշտություն էր լինելու վերադառնալ ԸՕ փոփոխություններին։ Եվ որպես երկրորդ կարևոր չափանիշ, որով պայմանավորված է այսօրվա առաջնահերթությունների ընտրությունը, խնդիրների հրատապությունն է։

Տեսեք, Կուսակցությունների մասին օրենքը, որ կարգավորում է կուսակցությունների գործունեությունը, դրանց գրանցումը, ֆինանսական հաշվետվությունները, մուտքերը, ելքերը, մի բան է, որն անընդհատ տեղի է ունենում` ի տարբերություն ռեյտինգային ընտրակարգի, որն օրակարգային խնդիր չէ, որովհետև մենք պառլամենտական ընտրությունների չենք նախապատրաստվում։

Ոմանք կարծում են, որ ես խիստ լավատես եմ, բայց, եթե մեր ծրագրածով հասցնենք փոփոխություններն իրականացնել, դա մեզ հնարավորություն կտա արդեն 2020 ֆինանսական տարվա ընթացքում ունենալ նոր կանոններ թե՛ ֆինանսավորման, թե՛ հաշվետվողականության հետ կապված, որը կարևոր է թե՛ կուսակցությունների համար, որ կարողանան իրենց կարողությունները համապատասխանեցնել այդ կարգավորմանը, թե՛ պետական լիազոր մարմնի համար, որն իրականացնելու է հաշվետվությունների նկատմամբ վերահսկողությունը։ 

-Իսկ ե՞րբ է սպասվում Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի լիարժեք բարեփոխված տարբերակը:

Տեսե՛ք, մենք ուզում ենք կուսակցությունների բլոկին, գումարած Ընտրական օրենսգրքում քարոզարշավի ֆինանսավորման հատվածին մեկ փաթեթով անդրադառնալ։ Եվ հնարավոր է, որ անհրաժեշտություն լինի նաև հանրաքվեների մասին օրենքում ավելացնել քարոզարշավի հատվածը, որովհետև շատ զուգահեռ և փոխկապակցված կարգավորումներ են, որպեսզի կարողանանք հաղթահարել այս նախագծերի միջև եղած սինխրոնիզացիայի պակասը։ Դա ցանկանում ենք իրականացնել աշնանային նստաշրջանի ընթացքում, ինչն ամենևին չի բացառում, որ նույն աշնանային նստաշրջանի ընթացքում մենք կկարողանանք նաև սկսել քննարկել Ընտրական օրենսգրքի այլ ասպեկտներ։

Կարծում եմ՝ իրատեսական է ակնկալել, որ ամբողջ շրջափուլը կավարտենք 1-1,5 տարվա ընթացքում։ Եվ ամենակարևորը, որ ուզում եմ ընդգծել՝ մենք ոչ դանդաղում ենք, ոչ շտապում։ Այս ժամանակացույցով գնալու դեպքում ավելի քան բավարար ժամանակ կունենանք հաջորդ ընտրություններից առաջ ամբողջ դաշտը նախապատրաստելու համար, որովհետև խոսքը միայն կուսակցությունների ադապտացվելու հարցին չէ, որ վերաբերում է, այլ նաև ենթաօրենսդրական դաշտը նախապատրաստելուն, պետական հաստատությունների կարողությունների զարգացմանը և այլն։ Աստեղ նաև առանցքային նշանակություն ունեն սահմանադրական փոփոխություններն ու դրանց ժամկետները, որոնք, ինչպես արդեն բացատրեցի, պայմանավորելու են նաև ընտրական ռեֆորմների ժամանակացույցը։

-Խոսենք կուսակցությունների հանրային ֆինանսավորումից։ Ի՞նչ տարբերակ եք նախատեսում սրա վերաբերյալ, արդյո՞ք գրանցված բոլոր կուսակցություններին պետք է հանրային ֆինանսավորում տրվի։

-Միանշանակ ո՛չ: Խոսքը դրա մասին չէ, երբեք էլ դրա մասին չի եղել, խոսքն այն բանի մասին է, որ հանրային ֆինանսավորումը հնարավորություն ստեղծի այն կուսակցությունների համար, որոնք, ըստ էության, հանդիսանում են կուսակցություններ, և այստեղ ուզում եմ անպայման ընդգծել, որ կուսակցությունների՝ Սահմանադրությամբ ունեցած բացառիկ դերը իշխանությունների ձևավորումն է, այսինքն` այն կուսակցությունները, որոնք այսպես թե այնպես չեն էլ հավակնում իշխանությունների ձևավորմանը, և, եթե այստեղ փակագծերը բացենք, խոսքը գնում է ընտրություններին մասնակցությանը, ակնհայտ է, որ որոշ առումով այլ չափանիշների և այլ կարգավորումների պետք է ենթարկվեն: Եվ այն կուսակցությունները, որոնք մասնակցում են ընտրություններին և հատկապես նրանք, որոնք որոշակի արդյունքներ են գրանցում և փաստացի մասնակցում են իշխանությունների ձևավորման գործընթացին, արդեն այլ կարգավորումների տակ պետք է ընկնեն և խաղի այլ կանոնների ենթարկվեն, ինչը մի կողմից ենթադրում է ավելի խիստ հաշվետվողականություն, մյուս կողմից՝ որոշակի աջակցություն իրենց գործառույթներն իրականացնելու առումով: Փիլիսոփայությունը սա է:

-Մոտավոր ի՞նչ չափի ֆինանսավորման մասին է խոսքը։ Արդյոք այնքան, որ կուսակցությունն իր առաջնային գործունեության համար անհրաժեշտ ծախսերն այդ ֆինանսավորման միջոցով իրականացնի։

-Սա շատ լավ օրինակ է, որ տեսեք՝ ընդամենը մեկ հարց, որը շատ զգույշ ու բալանսավորված կարգավորման անհրաժեշտություն ունի, որովհետև ակնհայտ է, որ մի կողմից ֆինանսավորումն այնքան պետք է լինի, որ կուսակցությունները կարողանան իրենց նվազագույն գործառույթներն իրականացնել, մյուս կողմից դա այնքան ավել չպետք է լինի, որ կուսակցությունները դառնան ավելի կախված պետական ֆինանսավորումից ու նաև պակաս հաշվետու իրենց անդամների և իրենց միջոցներ տրամադրող մարդկանց շրջանակի առջև։

Սա շատ լավ ուսումնասիրված է, խիստ բարձր հանրային ֆինանսավորման բացասական ազդեցության մասին բավական փաստաթղթավորված նյութ կա, մյուս կողմից՝ նաև նվազագույն ֆինանսավորումն ապահովելու դրական ազդեցության մասին կա բավական նյութ։ Փաստված է, թե հանրային ֆինանսավորումն ինչպիսի դրական ազդեցություն է ունենում բիզնեսից կախվածության, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով, կուսակցությունների՝ իրենց գործառույթն իրականացնելու և կուսակցական համակարգը ինստիտուցիոնալիզացնելու, կայուն դարձնելու առումով։ Սա մի հարց է, որի շուրջ քննարկումների ընթացքում մենք ներգրավել ենք միջազգային լավագույն փորձագետներին, հրապարակել ենք հետազոտություններ, որը նույն միջազգային փորձն է ցույց տալիս։ Այսինքն՝ մենք շատ մանրամասն, խնդիր առ խնդիր քննարկելու և լուծումներ գտնելու ճանապարհն ենք ընտել, հետևաբար, սա է նաև պայմանավորում մեր աշխատանքի ընթացքը։

Մենք հապճեպություն չենք ուզում, որովհետև հասկանում ենք, որ մեզ՝ եթե կուզեք, այս Ազգային ժողովին, եթե կուզեք՝ մեր իշխանություններին, առանց չափազանցնելու, պատմական հնարավորություն է տրված այնպիսի ռեֆորմներ անելու, որոնք ոչ միայն և ոչ այնքան հաջորդ ընտրությունների նախապատրաստման համար են կարևոր, այլ Հայաստանի ժողովրդավարացումը շատ ավելի կայուն, ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու և ապագա տասնամյակների համար լուծումներ մշակելու, ապահովելու համար։

-Կուսակցությունների ֆինանսավորման հաշվետվողականությունն ու թափանցիկությունն ապահովելու համար ի՞նչ մեխանիզմներ եք դուք առաջարկում։

-Այստեղ էլի բազմաթիվ հարցեր կան՝ սկսած այն հանգամանքից, որ այն մարմինը, որն այսօր պատասխանատու է այդ գործառույթն իրականացնելու համար չունի ո՛չ բավարար մանդատ, ո՛չ բավարար մարդկային ներուժ, և վերջացրած այն հանգամանքով, որ անգամ պատժամիջոցների առումով մենք այսօր չունենք բավարար մշակված դաշտ։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ կուսակցությունների մեծամասնության ներկայացրած հաշվետվություններում խնդիրներ կան, որոնք սկսում են մանր տեխնիկականից մինչև էական խնդիրներ այն առումով, որ թաքցնում են իրական ծախսերը, մուտքերը։ Դրանց հետ կապված նաև բավարար ճկուն և կիրառելի պատժամիջեցներ չկան, որ հնարավորություն կտան այդ կուսակցություններին իրապես հաշվետու լինելու։ Խոսքը այն կուսակցությունների մասին չէ, որոնք զրոյական հաշվետվություններ են ներկայացնում և միաժամանակ հավակնում են կուսակցությունն համարվելու, այո՛, այդպիսինները ևս կան։

Բացի դրանից խոսում ենք նաև այն հանգամանքի մասին, որ ունենք կարգավորումներ, որոնք սինխրոնիզացիայի պակաս ունեն: Եթե առանձնացնենք այն ամենակարևոր ուղղությունները, որոնց շուրջ մենք քննարկումներ ունենք և մեծ հաշվով համաձայնություն ունեցանք, հանգում է նրան, որ մասնավոր և հանրային ֆինանսավորումը պետք է հավասարակշռել: Հանրային ֆինանսավորումը պետք է որոշակի նվազագույն պայմաններ ստեղծի և, էլի եթե նայում ենք տարբեր երկրների ընդհանուր տվյալներին, կուսակցությունների ծախսերի 30-60%-ի մասին է խոսքը: Երբ 60%-ից շատ է, արդեն այդ ծավալի հանրային ֆինանսավորումը կարող է ավելի շատ բացասական լինել, քան դրանան: Եվ պարզ է, որ մնացյալ մասը պետք է արդեն լինի մասնավոր ֆինանսավորում : Եվ այստեղ մենք քննարկում ենք կոմերցիոն գործունեություն ծավալող իրավաբանական անձանց կողմից ֆինանսավորման բացառման կարգավորում` ներառյալ անհատների կողմից անդամավճարների և հանգանակության տարեկան առավելագույն շեմը վերանայելու և նվազեցնելու մասին: Այսինքն` միջոցներ և կարգավորումներ, որոնք հնարավերություն են տալու կուսակցություններին պակաս կախված լինել մեծ կապիտալից:

-Օրենսդրական ներկայիս կարգավորումներով ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կուսակցություններին ֆինանսավորելու իրավունք չունեն։ Ըստ Ձեզ՝ սփյուռքին հնարավորություն չպե՞տք է տրվի որոշակի ֆինանսական աջակություն ցուցաբերելու նախընտրելի կուսակցություններին։

-Երբ որ ասում ենք սփյուռք, սփյուռքում մենք ունենք տարբեր տեսակի մարդիկ։ Դուք խոսում էիք քաղաքացի չհանդիսացող մարդկանցից, սփյուռքում ունենք մարդիկ, որոնք ՀՀ քաղաքացի են։ Ես կցանկանայի հակառակ հարցը տալ՝ կարծում եք, որ դա նորմա՞լ է պետության համար, որտեղ կան կուսակցություններ, որոնք հնարավորություն ունեն իրենց ֆինանսների զգալի մասը ստանալ այլ պետությունների քաղաքացիներից։ Այսինքն՝ ակնհայտ է, որ մենք այստեղ ունենք խնդրին զգուշորեն մոտենալու հարց, իսկ Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները ոչ միայն այս, այլև շատ այլ առումներով Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորություն ունեն։ Որոշակի մասնակցության հնարավորություն ունեն նաև, պայմանական ասված, սփյուռքահայերը, որոնք ՀՀ քաղաքացի չեն հանդիսանում։

Այստեղ շատ տեղին է, որ մենք կրկին նայենք միջազգային լավագույն փորձը և համոզվենք, որ այն, ինչ ունենք հայաստանյան օրենսդրությունում այսօր, նորմ է և խիստ տարածված պրակտիկա։ Ավելին ասեմ՝ մենք հիմա ունենք այդ սահմանափակումը, մինչդեռ դա կիրառելու առումով բացեր կան։ Դուք կարող եք մտնել որևէ կուսակցության պաշտոնական կայք, այնտեղ տեսնել հանգանակության հետ կապված տվյալներ, օրինակ՝ բանկային հաշվեհամար, և փոխանցում կատարել։ Այս առումով կուսակցությունը, եթե անգամ մեծ ցանկություն ունենա իմանալու ձեր քաղաքացիությունը, կարող է և այդ հնարավորությունը չունենալ։

-Երբ քննարկում ենք կուսակցությունների հաշվետվողականությունն ու թափանցիկությունը խստացնելու հարցը, մյուս կողմից արդյոք քննարկվու՞մ են տարբերակներ փոքր կուսակցություններին աջակցելու, որպեսզի նրանք կարողանան այդ բարդ հաշվապահական աշխատանքներն իրականացնել։

-Անպայմանորեն, դա քննարկման թեմայի մի մասն է, որովհետև մենք չենք խոսում բացառապես այն կուսակցությունների մասին, որոնք արդեն իսկ Ազգային Ժողովում են, այլ խոսում ենք նաև ընդլայնված ցանկի մասին։ Տեղեկացնեմ, որ այսօրվա կարգավորումով խոսքը գնում է 3%-ից ավել ձայն հավաքած կուսակցությունների մասին։ Մենք քննարկում ենք նաև այդ շեմը վերանայելու հնարավորությունը։ Էլի պետք է զգուշորեն մոտենանք, որ զուտ հանրային ֆինանսավորում ստանալու հեռանկարը չդառնա խրախուսանք փոքրաթիվ մարդկանց համար, որ ցանկանան կուսակցություններ ստեղծել։

-Ավելի շատ նկատի ունեի փոքր կուսակցություններին ոչ միայն ուղղակի ֆինանսավորում տրամադրելը, այլ թե ինչպես օգնել նրանց, որ կարողանան իրականացնել այդ ամբողջ բարդ վարչարարությունը։

-Շատ բարի, Դուք կարևոր բառ օգտագործեցիք` ուղղակի աջակցություն,
որովհետև, իսկապես, հանրային աջակցությունը կարող է լինել ուղղակի և անուղղակի: Այսօր էլ ունենք անուղղակի աջակցության մեխանիզմներ, որոնց ընդլայնման մասին ևս մտածում ենք, որոնք կնպաստեն փոքրաթիվ կուսակցությունների կայացմանը։ 

Իսկ ինչ վերաբերվում է կուսակցությունների վարչարարական կարողությունների զարգացմանը, ապա մեր մոտեցումը հետևյալն է․ չենք ուզում ավելի խիստ վերահսկողական, ավելի խիստ հաշվետվողական կարգավորումներ կուսակցություններին պատժելու համար, կարգավորումներն ուզում ենք Հայաստանի քաղաքական դաշտում խաղացողների վստահությունը բարձացնելու նպատակով։ Եվ,  հետևաբար, այդ խաղացողների, այսինքն` կուսակցությունների կարողությունների զարգացման առումով մեր մոտեցումն այն է, որ պետք է լինի խրախուսական և ոչ թե պատժիչ մոտեցում։ Այսինքն` բոլոր այն կուսակցությունները, որոնք իսկապես ցանկություն ունեն խաղի այդ կանոններին ադապտացվելու և դժվարություններ ունեն կարողությունների հետ կապված, կարծում եմ, որ պետք է ստանան համապատասխան աջակցություն՝ ներառյալ այն մարմնի կողմից, որ այդ վերահսկողական գործառույթը իրականացնում է: Եվ բացթողումները, թերությունները շտկելու հնարավորություն է լինելու, ինչը նախատեսված է նաև այսօրվա օրենսդրությամբ, բայց ավելի մանրամասն կարգավորելու հնարավորություն ենք ունենալու:

-Բացի կուսակցությունների ֆինանսավորման և հաշվետվողականության վերաբերյալ բարեփոխումներից, այս փուլում ի՞նչ այլ բարեփոխումներ են նախատեսվում։

-«Կուսակցությունների մասին» օրենքի ամբողջ բովանդակությունը մենք քննարկում ենք՝ սկսած կուսակցությունների գրանցումից, կուսակցությունների գործունեության հետ կապված կարգավորումներից, պատժամիջոցներից և դրանց ավելի ճկուն համակարգ ապահովելուց, որովհետև այսօր բավական խիստ պատժամիջոցներ են նախատեսված, մինչդեռ դրանք ծայրահեղ դեպքերում պետք է օգտագործվեն։ Խոսքը հիմանակնում արգելելուն, կասեցնելուն է վերաբերում։

Կան այլ տեսակի պատժամիջոցներ, որոնք ուզում ենք մեր ազգային օրենսդրության մասը դարձնել՝ ներառյալ հանրային ֆինանսավորումից զրկելը կամ այլ ֆինանսական տույժեր։ Քննարկում ենք նաև խրախուսական կարգավորումներ ունենալու հարցը։ Կարևոր ուղղություն է նաև կուսակցությունների ներքին ժողովրդավարության հետ կապված կարգավորումները, կուսակցություններում կանանց մասնակցությունը խրախուսող կարգավորումները և ընդհանրապես, բոլոր այն խմբերի, որոնց ձայնն ավանդաբար պակաս լսելի է կուսակցություններում։

-Քննարկվու՞մ է ՏԻՄ ընտրակարգը բարեփոխելու հարցը։

-Առաջիկա ՏԻՄ ընտրությունները սպասվում են 2021 թվականի աշնանը։ Եվ երբ խոսում ենք առաջնահերթություններից և փուլ առ փուլ խնդիրներին մոտենալու մոտեցման մասին, պետք է ավելացնեմ, որ կուսակցություններից հետո կամ առանձին դեպքերում դրան զուգահեռ, առանձնացրել ենք նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրակարգի հետ կապված քննարկումները, որոնք կհաջորդեն արդեն կուսակցությունների և քարոզարշավի ֆինանսավորմանը, «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքում քարոզարշավի ֆինանսավորման փոփոխություններին: Բնական է, որ ժամանակացույցն ունենք մեր մտքում և պետք է այնպես անենք, որ բավարար ժամանակ լինի նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախապատրաստվելու համար:

-Ըստ RElection-ի ձևաչափի՝ հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ բանախոսին։ Այս թեմայով մեր նախորդ զրուցակիցն էր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, և նա այսպիսի հարց է ուղղել.

-Որո՞նք են այն գլխավոր երեք առաջնահերթությունները, որոնք կարևոր են, առաջնային են ընտրական պրոցեսներում բարեփոխումների համար` ունենալու իրապես առողջ քաղաքական դաշտ։

-Առանձնացնեմ նրանք, որոնք շատ ընդգրկուն են և ոչ թե փոփոխություններ, այլ ավելի շատ խնդիրներ են, որոնց լուծմանը հասնելու համար կարող են լինել բազմաթիվ փոփոխություններ։ Առաջինը կուսակցական մրցակցային համակարգի կայացումն է, երկրորդը համամասնականության տրամաբանության մեջ աշխատող ընտրական համակարգի կայացումն է, և երրորդը հավանաբար կլինի փողի ազդեցությունը քաղաքական համակարգում և պետական կառավարման համակարգում կարգավորելը և ավելի կանխատեսելի ու թափանցիկ դարձնելը։

Համազասպ Դանիելյանի հարցը հաջորդ բանախոսին․

-Կարծու՞մ եք արդյոք, որ լրացուցիչ օրենսդրական կարգավորումների միջոցով պետք է խրախուսել կանանց ներկայացվածությունը կուսակցություններում, և եթե այո, ինչպիսի՞ն պետք է լինեն այդ կարգավորումները։

Աստղիկ Քեշիշյան

x