ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Կիևի ձևակերպումները չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին. ՀՀ ԱԳՆ |aysor.am|

aysor.am։ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ պաշտոնական Կիևի ձևակերպումները չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին, ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին», - նշեց Նաղդալյանը:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը` հաշվի առնելով գործընկերների բազմաթիվ դիմումները, հայտարարություն էր տարածել Արցախ, Աբխազիա կամ Հարավային Օսիա այցելությունների կարգի մասին, վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությունը։

Կիևը զգուշացրել էր իր քաղաքացիներին՝ Արցախ, Աբխազիա կամ Հարավային Օսիա այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ։

«Ուկրաինայի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին հետևողականորեն խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված տարածքներ այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ: Այդ օրենսդրության խախտումը ենթադրում է վարչական և քրեական պատասխանատվություն», - մասնավորապես ասված է Ուկրաինայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Պաշտոնական Կիևի հայտարության մեջ նշված է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի, համապատասխանաբար, Ադրբեջանին և Վրաստանին պատկանելության մասին։

x