Դանդաղ որոշումների ընդունումը սպանում է ԵԱՏՄ տարանցիկ ներուժը. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Երևանում անցկացվող «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով գագաթնաժողովի ժամանակ նշեց, որ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության ավելացման հիմնական խոչընդոտը դանդաղ որոշումների կայացումն է։

«Մենք որոշումները ընդունում ենք շատ դանդաղ։ Հաճախ տարրական հարցերի հետ կապված որոշումներ ընդունում ենք տարիներով, իսկ հետո պարզվում է, որ աշխարհում փոփոխություններ են տեղի ունեցել, և մեր որոշումը հնացած է։ Նույնը եղավ մեր ԵԱՏՄ-ի միանական պայմանագրի հետ, որտեղ չէինք ներառել թվայնացման միասնական օրակարգի հետ կապված հարցը։ Աշխարհը գնում է ակտիվ և արագ որոշումներ կայացնելու ճանապարհով»,-ասաց նա և ընդգծեց, որ որոշումների արագ կայացումը ԵԱՏՄ-ի հիմնական մարտահրավերներից է։

Տիգրան Սարգսյանը նաև ասաց, որ ԵԱՏՄ-ի ներսում համաձայնեցված քաղաքականությունը պետք է կատարելագորվի։ Նա խոսեց ԵԱՏՄ-ում առկա ևս մեկ խնդրի մասին․ «Ապրանքի վերջնական գնի մեջ մեծ տոկոս է կազմում տրանզիտի գինը, ինչը մրցունակության խնդիր է առաջացնում աշխարհում։ ԵԱՏՄ-ում այն կազմում է 30%, ԵՄ-ում՝ 10 %, ԱՄՆ-ում՝ 9 %։ Սա աղետալի է մեզ համար, մենք չենք դիմանա մրցակցությանը»,-ասաց նա։

Տիգրան Սարգսյանը խոսեց նաև ԵԱՏՄ տարածքով անցնող բեռների և դրանց պարբերաբար ստուգման մասին։ Նա նշեց, որ միասնական միությունը հենց նրա համար է, որ մեկ թույլտվությունը բավարար լինի բեռների ազատ տեղափոխման համար։
«Եթե մի ապրանք մտել է մեր տարածք, ուրեմն ԵԱՏՄ-ն տվել է իր համաձայնությունը, իսկ անընդհատ այն կանգնեցնելով ու ստուգելով՝ սպանում ենք մեր տարանցիկ ներուժը»,-ասաց նա։

ԵՏՀ նախագահն իբրև օրինակ նշեց, որ ԵԱՏՄ-ում կա 46 տարբեր ստուգող օրգաններ, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն ունի կանգնեցնել և ստուգել անցնող ապրանքը։

«Անհրաժեշտ է ավելի մեծ լիազորություններ տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, արագ հարմարեցնել օրենսդրական դաշտն ու վարչական բազաները, որպեսզի հնարավոր լինի դառնալ մրցունակ աշխարհում», - նկատեց նա։

x