Վերաքննիչ դատարանը առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը |pastinfo.am|

pastinfo.am։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, որոշել է առանց քննության թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ հիշյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ՝ անփոփոխ թողնելով ընտրված խափանման միջոց կալանավորումը: Դանիբեկյանի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որտեղ էլ բողոքը մակագրվել էր դատավոր Արղամանյանին:

Վերջինս պաշտպանների բողոքը առանց քննության թողնելու մասին իր որոշման մեջ, հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածին եւ հիշատակելով Վճռաբեկ դատարանի ԵՔՐԴ/0299/01/08 նախադեպային որոշումը, թվել է Առաջին ատյանի դատարանի՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումները՝ նշելով, որ դրանցում ներառված չեն խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին որոշումները.

«Սույն դեպքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քրեական գործը դատական քննություն նշանակելու մասին 02.09.2019թ-ի որոշման կայացումից հետո, այն է՝ դատական քննության փուլում, 2019 թվականի սեպտեմբերի 17-ին կայացրած որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք չի ընտրել, փոփոխել կամ վերացրել, այլ մերժելով պաշտպաններ Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի միջնորդությունն իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ այն ըստ էության թողել է անփոփոխ, իսկ քրեադատավարական օրենքը որևէ դրույթ չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գործի քննության տվյալ փուլում անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին, այսինքն` տվյալ դեպքում բողոքարկվել է այնպիսի դատավարական ակտ, որը ենթակա չէ բողոքարկման, ինչը հիմք է պաշտպանների վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու համար, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»,-գրված է դատարանի որոշման մեջ:

Ավելին՝ pastinfo.am-ում

x