Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ գործընթացին ԲՀԿ-ն դեռ չի արձագանքել. Մակունց |shantnews.am|

shantnews.am։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագիծը, որով քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը սկսելու հարցը, քննարկվելու է այս քառօրյայում: Այս մասին խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ինչ վերաբերում է մյուս խմբակցությունների դիրքորոշումներին, եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ նշել էի, որ եթե խմբակցությունները նպատակահարմար գտնեն արտահայտել իրենց դիրքորոշումները, ապա դա լավ կլինի հանրության ու մեզ համար՝ որպես քաղաքական ուժ: «Լուսավոր Հայաստան»-ն արդեն հայտարարել է այդ մասին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում, իմ տեղեկություններով, այս պահին դեռևս չկա վերջնական ձևավորված դիրքորոշում»,-ասաց Մակունցը:

Սահմանադրական դատարանն այս կազմով կկարողանա՞ անաչառ քննել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը: Խորհրդարանի միջանցքներում լրագրողներն այս հարցը տվեցին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին:

«Պետք է նախևառաջ առաջնորդվել այն ելակետով, որ Սահմանադրական դատարանի դատավորները կկայացնեն իրավական փաստարկների հիման վրա որոշում: Չեմ ուզում նախապես որևէ դիրքորում ներկայացնել: Կարծում եմ, ավելի ճիշտ՝ հուսանք, որ կկայացնեն անաչառ որոշում»,- ասաց Մակունցը:

Նա նշեց, որ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իրենց փաստարկները, հիմնավորումները ծանրակշիռ են:

x