ԱԺ-ն քննարկում է Ջրի ազգային խորհուրդը լուծարելու հարցը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կառավարությունն առաջարկում է Ջրի ազգային խորհուրդը լուծարել:
ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Ջրի ազգային ծրագրի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Նախագծերի մշակման համար հիմք է հանդիսացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը՝ Ջրի ազգային խորհուրդը լուծարելու և լիազորությունները Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելու վերաբերյալ:

Համաձայն գործող Ջրային օրենսգրքի 8-րդ հոդվածի՝ Ջրի ազգային խորհուրդը եզրակացություն է տալիս ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր ՀԷԿ-երի կառուցման, ինչպես նաև Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի օգտագործման թույլտվությունների վերաբերյալ:

ՀՀ-ում արդեն ընդունված են մի շարք ջրավազանային կառավարման պլաններ, և Ջրի ազգային խորհուրդն արդեն կորցրել է տարիներ առաջ իր ունեցած կարևորությունը»,-ասաց Գրիգորյանը:

Խորհրդի գործունեությունն ու լիազորություններին վերաբերող դրույթները կհամարվեն ուժը կորցրած՝ փոխանցելով դրանք Շրջակա միջավայրի նախարարությանը:

x