|news.am| Ընթանում է ԵՏՄ ընդլայնված կազմով նիստը․ Ուղիղ

news.am։ Ավելի քան 10 հարց է քննարկվում Երեւանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում:

Նիստի մասնակիցները քննարկում են, մասնավորապես, ԵԱՏՄ Դատարան դիմելու դեպքում տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող մաքսատուրքերի չափի հաստատման մասին, 2014-ի հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, 2018-ի համար ԵԱՏՄ բյուջեի կատարման հարցով զեկույցի մասին, ԵԱՏՄ բյուջեի մասին, 2020-ի համար ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին, ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի մասին, 2014-ի մայիսի 29-ին ԵԱՏՄ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություններ ստորագրելու մասին, ԵԱՏՄ բյուջեում բաժնեմասային ներդրումներ կատարելու հարցով ԵԱՏՄ անդամ պետությունների պարտքի մարման կարգի հաստատման մասին, կազմակերպության անդամների միջեւ գազի մատակարարման եւ փոխադրման ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի իրավասությունների վաղաժամկետ դադարեցման եւ կոլեգիայի անդամի նշանակման մասին, ԵՏՀ աշխատանքների վարելակարգում թիվ 1 դրույթում փոփոխություններ կատարելու մասին, ԵԱՏՄ ագրոարդյունաբերության քաղաքականության հարցերի խորհրդի մասին դրույթում փոփոխություններ կատարելու մասին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստ անցկացնելու ամսաթվի եւ վայրի մասին հարցերը:

Նեղ կազմով նիստին մասնակցել են ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ընդլայնված կազմով նիստին կմասնակցեն նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ կապված ԵՏՄ-ին առընթեր որպես դիտորդ պետություն Մոլդովայի կարգավիճակի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին եւ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լուն՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ:

x