Անհրաժեշտ ենք համարում ԵԱՏՄ երկրների միջև գազի շուկայում անցնել ազգային արժույթով հաշվարկների. Փաշինյան |aysor.am|

aysor.am։  Ինձ համար առանձնահատուկ պատիվ է ողջունել բոլորիդ Հայաստանում, ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասաց ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, տարեցտարի ուժեղանում է: Այն արդեն ապացուցել է իր կենսունակությունն ու գրավչությունը՝ որպես միջազգային ինտեգրացիոն միավորում և ես ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ Հայաստանն իր հնարավոր ներդրումն է բերում այս գործում», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում:

«Մենք գործադրել ենք բոլոր ջանքերն՝ այս պատասխանատու գործառույթն արդյունավետ իրականացնելու համար: Եվ այսօրվա նիստը, որին, բացի Միության անդամ երկրներից, մասնակցում են նաև Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարները, մեր նախագահության յուրատեսակ գագաթնակետ է դարձել:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի բոլոր անդամների անունից ցանկանում եմ ողջունել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունին, ովքեր սիրով համաձայնեցին մասնակցել մեր նիստին:

Ուրախ եմ նաև նշել, որ նիստի շրջանակում առաջին անգամ անցկացվում է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» թեմայով միջազգային համաժողով: Վստահ եմ, որ այս իրադարձությունը կծառայի որպես արդյունավետ հարթակ՝ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու և եվրասիական տարածքում լոգիստիկ սխեմաներ մշակելու ուղիներ քննարկելու համար», - ասաց նա:

ՀՀ վարչապետը նշեց, որ կցանկանար անդրադառնալ այն հարցերին, որոնց լուծումը, իր կարծիքով, կարևոր է համագործակցության հետագա խթանման և դրա արդյունավետության բարձրացման համար:

«Դրանց թվին են պատկանում, օրինակ, ԵԱՏՄ շրջանակում աշխատուժի ազատ տեղաշարժի համար առկա արգելքները վերացնելուն ուղղված միջոցները, որոնք խոչընդոտում են աշխատուժի միասնական շուկայի ձևավորմանը:

Էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը հնարավոր մատակարարների՝ էլեկտրոնային ձևաչափով գնումներին անխոչընդոտ մասնակցությունն ապահովելու համար նույնպես առանձնահատուկ ուշադրություն պահանջող առաջնահերթ հարցերից է, և անհրաժեշտ է բոլորիս համար ընդունելի լուծում գտնել», - նշեց Ն. Փաշինյանը:

Ըստ նրա, ինտեգրման գործընթացը կլինի ավելի դինամիկ, եթե քաղաքացիները համոզվեն, որ աշխատանքի արդյունքում որոշումներ են կայացվում զգայուն հարցերի վերաբերյալ, որոնք հանգեցնում են նրանց կենսամակարդակի և աշխատանքային պայմանների անմիջական բարելավմանը:

«Վստահ եմ, որ այս ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքը թույլ կտա մեզ ոչ միայն արդյունավետորեն վերացնել խոչընդոտներն, այլև կնպաստի առավել ամբողջական ինտեգրմանը՝ հավասարության, փոխադարձ շահի և միմյանց շահերի հարգանքի սկզբունքների հիման վրա: Մենք նաև անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել համատեղ ջանքերն՝ ուղղված ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների անցման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Չնայած դրական դինամիկային՝ կան ոլորտներ, մասնավորապես, գազի շուկան, որտեղ ԵԱՏՄ երկրների ապրանքներն ավանդաբար առաջարկվում են Միության անդամ չհանդիսացող երկրների ազգային արժույթով, և, հետևաբար, ազգային արժույթներով փոխգործակցության համար դաշտի առավելագույն ընդլայնումը պետք է լինի մեր առաջնահերթությունների շարքում», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ այսօրվա հանդիպման օրակարգում ներառված է Միասնական ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգի հարցը:

«Սա ինքնին արդեն լուրջ քայլ է ընդհանուր ֆինանսական տարածքի ձևավորման ուղղությամբ, ինչպես նաև նախադրյալ է ԵԱՏՄ-ի ժամանակակից վճարահաշվարկային համակարգի կառուցման և ազգային արժույթներով հաշվարկների անցնելուն բարենպաստ պայմաններ ստեղծելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

x