Հայկական կայքերը տարածում են ադրբեջանական քարոզչական նյութ |infocheck.am|

infocheck.am։ Սեպտեմբերի 27-ին «Независимая газета»-ում հրապարակվել էր «Օտար աշխարհաքաղաքական հետաքրքրությունների շրջանակում. ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել իր պլացդարմի» վերտառությամբ նյութ, որտեղ, մի շարք թեզերին զուգահեռ, նշվում էր, թե Հայաստանը համաձայնել է 5 մլրդ դոլարի դիմաց հանձնել Արցախի 5 շրջանները։

Նշվում էր նաև, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի և վերջինիս փեսա Միքայել Մինասյանի «ծրագիրն» է, որի վերջնական նպատակը Մինասյանի՝ իշխանության գալն է։

«Լինելով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Մինասյանը հաջողությամբ թաքցրել է հայ ժողովրդից գողացված 6 մլրդ դոլարը։ Նրա նպատակն է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ գալ իշխանության և Ադրբեջանին հանձնել Արցախի 5 շրջանները», - նշված էր նյութում։

Հոդվածը հրապարակել էր ադրբեջանական «Haqqin.az»-ը՝ «Ռուսական ԶԼՄ-ներ. Փաշինյանը պատրաստ է 5 մլրդ դոլարի դիմաց 5 շրջաններ տալ Ադրբեջանին» վերնագրով, այնուհետև «ednews.net»-ը, «moderator.az»-ը և այլ լրատվականներ:

Նյութն ադրբեջաներենով հրապարակել են նաև «virtualaz.org» («Haqqin»-ի ադրբեջանալեզու տարբերակ), «hurriyyet.org», «aqreqator.az», «avropa.info», «muxalifet.az», «dia.az», «qlobal.az», «rublika.az» և այլ ադրբեջանական կայքեր:

Հատկանշական է, որ նյութի հեղինակներ են ներկայանում քաղաքագետ Սուրեն Հովհաննեսի Իոաննիսյանն ու լրագրող Միխայիլ Իվանովիչ Սպասսկին (Сурен Аганесович Ионисян - политолог. Михаил Иванович Спасский – журналист):

Սոցիալական ցանցերում և այլ որոնողական համակարգերում վերջիններիս մասին որևէ տեղեկություն առկա չէ, իսկ «Независимая газета»-ում տվյալ անձինք չունեն հրապարակված այլ նյութեր։ Նրանց հաշիվները ստեղծվել են ս.թ. սեպտեմբերի 26-ին՝ նյութի հրապարակումից մի քանի ժամ առաջ (նյութը հրապարակվել է 27.09.2019, 00:01:00):

x