Բողոքի ակցիա Գերագույն ռադայի դիմաց. պահանջում են չեղարկել «Շտայնմայերի բանաձեւը» |news.am|

news.am։ Կիեւում Գերագույն ռադայի շենքի մոտ մի քանի հարյուր ազգայնականներ են հավաքվել, որոնք պահանջում են չեղարկել «Շտայնմայերի բանաձեւը», հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

Ցուցարարների ձեռքին կան «չհանձնել ազգային շահերը» գրությամբ պաստառներ: Նշվում է, որ այս պահին Գերագույն ռադայի շենքում է գտնվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը խորհրդակցություն է անցկացնում խորհրդարանական խմբակցությունների առաջնորդների հետ:

Այդ հանդիպման ավարտին Զելենսկին կմասնակցի «Ազգի ծառա» խմբակցության նիստին: Ընդ որում, ակնկալվում էր, որ նա ներկա կլինի խորհրդարանի ընդհանուր նիստին:
Ավելի վաղ հրապարակվել էր «Շտայնմայերի բանաձեւի» ամբողջական տեքստը:

Պարզվել է, որ փաստաթղթով սահմանվում է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին ուկրաինական օրենքի ուժի մեջ մտնելու կարգը, սակայն չի կարգավորվում ինքնահռչակ հանրապետությունների եւ Ռուսաստանի միջեւ սահմանի նկատմամբ վերահսկողության տրամադրումն Ուկրաինային:

«Շտայնմայերի բանաձեւի» տեքստը ստորագրվել էր հոկտեմբերի 1-ին Մինսկում Դոնբասի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ շփման խմբի նիստի ժամանակ:

x