Ձերբակալվել է փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած Վայոց ձորի մարզպետի օգնականի եղբայրը. ՀՀ Քննչական կոմիտե

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ՀՀ ՊՆ զորամասի սպային՝ Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզի բնակիչ Զավեն Գրիգորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը, ով «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ նույն օրը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Ըստ բուժհիմնարկից ստացված տեղեկանքի՝ վերջինս ենթարկվել է շտապ վիրահատության, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության հետագա կատարումը, ՔԿ նախագահի հանձնարարությամբ, շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում: Որոշում է կայացվել՝ քննչական խումբ ստեղծելու մասին:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1991թ.:

Քննությամբ պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ 28-ամյա երիտասարդի հետ վիճաբանության ժամանակ, պարզվել էր նաև, որ նշված վիճաբանության ժամանակ, բացի Արա Մխիթարյանից, մարմնական վնասվածքներ էին ստացել նաև նույն զորամասի ևս երկու սպա:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ միջադեպին նաև Զավեն Գրիգորյանի մասնակցություն ունենալու վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել է՝ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

x