Արսեն Թորոսկյանը պատասխանում է Դավիթ Սանասարյանի մեղադրանքներին |armenpress.am|

armenpress.am:    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է ստուգել տեղեկությունները, թե իբր ինքը կեղծ ցուցմունք է տվել:

Թորոսյանն ասաց հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի այն հայտարարությանը, թե Արսեն Թորոսյանը կեղծ ցուցմունք է տվել:


«Ինձ հայտնի եղած տեղեկատվությունը ներկայացրել եմ համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք տան իրավական գնահատական: Ինչ վերաբերում է իմ կողմից կեղծ ցուցմունք տալուն, կարծում եմ, որ կարելի է իմ կողմից տրված ցուցմունքները կամ ստուգել, կամ, եթե վստահ են, որ ես կեղծ ցուցմունք եմ տվել, դրանց տան իրավական գնահատական»,- ասաց Արսեն Թորոսյանը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց նաև, որ իր և Դավիթ Սանասարյանի միջև առերեսում է եղել:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` դադարեցվել են ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորությունները:Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատախազություն Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը մերժվել է:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

 

x