Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը. նրա կալանքի դեմ բողոքի գործով նիստը հետաձգվեց. |hetq.am|

hetq.am:    Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Այսօր՝ ժամը 12:30-ից Վերաքննիչ դատարանում քննվում էր Կարեն Խաչատրյանի կալանքի դեմ բողոքը: Ամրամ Մակինյանն ասաց, որ նիստը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 4-ը: Կարեն Խաչատրյանը նիստին մասնակցելու համար դատարան չէր բերվել: Մակինյանի խոսքով՝ իր պաշտպանյալը նիստին մասնակցելու ցանկություն չի հայտնել: Նշենք, որ խափանման միջոցի գործով բողոքի քննությանը մեղադրյալի մասնակցությունը պարտադիր չէ:

Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կարեն Խաչատրյանի գույքի վրա ևս կալանք է դրված, ինչը վիճարկում են իրենք: ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանքի տակ է նաև Գագիկ Խաչատրյանի գույքը:

Հիշեցնենք, որ Կարեն և Գագիկ Խաչատրյանները մեղադրյալ են ներգրավվել ավելի քան 210 մլն դրամ գումար վատնելու և պաշտոնեական դիրքի չարաշահման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Կարեն Խաչատրյանին վերագրվում է վատնում կատարելու արարք: Նա, ինչպես նաև հորեղբայրը՝ Գագիկ Խաչատրյանը, կալանքի տակ են արդեն մոտ մեկ ամիս:

x