Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ պատմական եւ մշակութային դարավոր ավանդույթ ունեցող հայ-սիրիական հարաբերությունները ներկայում առավել խորացման մեծ հեռանկար ունեն:

Արժեւորելով Սիրիայի ժողովրդի ցուցաբերած օժանդակությունն ու հյուրընկալ վերաբերմունքը Ցեղասպանությունը վերապրած հայորդիների նկատմամբ` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ Սիրիայում առկա ներկա իրողություններին` մարդասիրական օգնության ձեռք մեկնելով պատերազմից տուժած սիրիացիներին:

Երկկողմ կապերի հետագա խորացման տեսանկյունից ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը` վստահություն հայտնելով, որ դրանց նոր ազդակ կհաղորդի ձեւավորված խորհրդարանական բարեկամական խումբը:
Շնորհավորելով Արարատ Միրզոյանին օրենսդիր կառույցի ղեկավար ընտրվելու կապակցությամբ` Մոհամմեդ Հաջ Իբրահիմին հայ-սիրիական բազմադարյա հարաբերությունները որակել է ոչ միայն բարեկամական, այլեւ եղբայրական: Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի իշխանություններին իր երկրին ցուցաբերած մարդասիրական օժանդակության համար` նշելով, որ այս քայլը բարձր է գնահատվում սիրիացի ժողովրդի կողմից:

Կողմերն ընդգծել են հարաբերություններում տնտեսական բաղադրիչի աշխուժացման անհրաժեշտությունը, առանձնացրել գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային եւ միջազգային հարցերի:

x