Արցախն ի զորու է պաշտպանելու իր անվտանգությունն ադրբեջանական ագրեսիայից.Տաթև Հայրապետյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը հանդես է եկել «Պաշտպանելով և աջակցելով ահաբեկչության զոհերին» խորագրով զեկույցով:

«Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք,
Նախ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել զեկուցողին այս զեկույցի համար: Ահաբեկչությունը մեծագույն սպառնալիքներից է խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև մարդու իրավունքների իրացմանն ու սոցիալական և տնտեսական զարգացմանը: Ցավոք, մեր օրերում ականատես ենք լինում ահաբեկչական նորանոր դեպքերի, որի հետևանքով կործանվում են բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր: Իրականում, եթե խնդիրները մեզ վրա ուղղակի ազդեցություն չեն ունենում, դա դեռ չի նշանակում, որ մեզանից որևէ մեկը ապահովագրված է նման սարսափելի երևույթներից:

Մինչ օրս ահաբեկչության զոհերը շարունակում են պայքարել, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի, իրենց պահանջները բավարարված և իրենց իրավունքները՝ պաշտպանված: Տուժածները սովորաբար իրենց զգում են մոռացված և մերժված ահաբեկչական գործողություններից անմիջապես հետո, որը կարող է հիմնավոր հետևանքներ ունենալ նրանց համար: Տուժածները կարող են վերականգնվել և առերեսվել սեփական տրավմայի հետ բազմակողմ աջակցության դեպքում միայն, որը ներառում է ֆիզիկական, հոգեբանական, բարոյական, սոցիալական և ֆինանսական սատարում, որպեսզի տուժածները կարողանան վերականգնել իրենց արժանապատվությունը:

Մենք ականատես ենք լինում ահաբեկչական ակտերի հատկապես պատերազմի ժամանակ: Սիրիան դրա ակնհայտ օրինակն է: Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշեցին իմ հայ գործընկերները, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի ժամանակ մենք ականատես եղանք ադրբեջանական բանակի կողմից ակնհայտ և արձանագրված ահաբեկչական ակտերի:

Քաղաքացիները չպետք է և չեն կարող դառնալ թիրախ անգամ պատերազմական դաժան իրավիճակում, սակայն դա դեռ տեղի է ունենում: Թեև համաձայն՝ Ժնևյան կոնվենցիաների ահաբեկչությունն ու խաղաղ բնակչության դեմ բռնությունը արգելած է անգամ պատերազմի ժամանակ:

Մենք չենք կարող անտարբեր լինել նման դեպքերի հանդեպ, դրանք պետք է խստորեն քննադատվեն մեր կողմից և անհրաժեշտ կանխարգելիչ մեթոդներ պետք է ձեռնարկվեն: Ահա թե ինչու այս զեկույցը շատ կարևոր է:

Ամփոփելով կցանկանայի պատասխանել ադրբեջանցի գործընկերներին՝ կեղծելով պատմությունը դուք չեք կարող փոխել իրականությունը, և իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը պատկանում է մարդկանց, որոնք միշտ ապրել և ապրելու են այդ հողի վրա, որին պատկանում են և որտեղ ապրել են նրանց նախնիները հին ժամանակներից:

Այդ մարդիկ արդեն բազմիցս ապացուցել են, որ իրենք ի զորու են պաշտպանելու իրենց անվտանգությունն ու ապրելու իրավունքը ադրբեջանական ագրեսիայից բոլոր հնարավոր մեթոդներով:

Շնորհակալություն ուշադրության համար»:

x