Պետական հիմնարկների կողմից հավաքվող գումարները պետք է գնան բյուջե, այնտեղից ծախսվեն. Վարչապետ |armenpress.am|

armenpress.am:   Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ անդրադարձավ Առողջապահության նախարարության գործող ընկերությունների կողմից հավաքված վճարներին:

«Աոողջապահության նախարարությունն ասում է՝ դեղերի գրանցման, փորձաքննության գործունության ուղղությամբ հավաքված վճարները մնան, մենք ծախսենք. մենք էլ ասում ենք՝ չէ, փողերը պետք է գնան բյուջե, այնտեղից ծախսվեն»,-ասաց Վարչապետը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը եւս նշեց, որ ըստ Առողջապահության նախարարության՝ փորձաքննությունների անցկացման համար լավագույն ճանապարհն է ունենալ 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն ու այդ ընկերությանը պատվիրակել փորձաքննություն իրականացնելու լիազորությունը, ինչը ճիշտ չէ, պետք է սահմանել պետական տուրք ու այդ միջոցներն ուղղել բյուջե: «Դեղի գրանցման նպատակով որևէ այլ տարբերակ չունենալով ստացվում է, որ պետական վճար է սահմանվում, որը շրջանցում է բյուջեն, ու այդ ընկերության ծախսերի համար է օգտագործվում: Մտահոգիչ է, որ դա դառնում է ընկերության համար եկամտի աղբյուր»,- ասաց Ջանջուղազյանը:

Վարչապետն էլ նկատեց՝ այդ տրամաբանությամբ, մյուս պետական կառույցներն էլ կասեն՝ մենք ինչո՞ւ բիզնես չենք անում: «Ամեն գերատեսչություն չի կարող կառավարման իր ոճն ունենալ, որովհետև կառավարման ոճը կառավարությանն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ այս հարցն այսօր չի ծագել: «Սա, կարծես թե, առիթ է, որ ֆինանսների նախարարությունը ևս մեկ անգամ բարձրացնի այդ հարցը: Ես չեմ ուզում այդ առիթը խցկենք այս օրենքի նախագծում: Ես համաձայն եմ, որ հաշվարկենք, թե տուրքը որքան է հավաքվում, մտցնենք բյուջեի մեջ, եթե դա լինի լավագույն տարբերակը բոլոր կողմերի համար»,- ասաց նա:

Վարչապետ Փաշինյանն էլ ամփոփեց. «Մենք արդեն որոշել ենք, որ դա լավագույն տարբերակն է բոլոր կողմերի համար: Պետական կառավարման համակարգում կան հիմնարկներ, որոնք խոշոր բիզնես են, դա վատ է: Ձեր նշած հիմնարկը հենց այդպիսին է, և դրան պետք է վերջ տալ: Միշտ էլ դա համարվել է հեռու անկյունում գտնվող մի տեղ, որը շատ հաջող բիզնես է անում պետական մոնոպոլիայի շրջանակում: Այդպես չի կարող լինել»:

x