«Սանիթեք»-ը քաղաքապետարանից ստացել է պայմանագրերը խզելու մասին ծանուցումը. դիմելու է արբիտրաժային դատարան |armtimes.com|

armtimes.com:  «Սանիթեք» ընկերությունը ստացել է Երեւանի քաղաքապետարանի՝ պայմանագրերը խզելու մասին պաշտոնական ծանուցումը:

Մայրաքաղաքի աղբահանության արդեն նախկին օպերատորը հայտարարությամբ է հանդես եկել, որով հայտնում է. «Հաշվի առնելով Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական ծանուցման լայնածավալ լինելը` իրավաբանական թիմի կողմից համապատասխան ուսումնասիրությունից հետո ընկերությունը վաղը հանդես կգա համարժեք հայտարարությամբ»:

ՀԺ-ի հետ զրույցում «Սանիթեք»-ի մամուլի խոսնակ Քնարիկ Առաքելյանը հաստատեց այն տեղեկությունը, որ ընկերությունը պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան: Այսպիսի որոշում կայացվել է դեռ ամիսներ առաջ՝ մինչեւ պայմանագրերը խզելու մասին քաղաքապետարանից ծանուցում ստանալը: Քնարիկ Առաքելյանը նշեց, որ «Սանիթեքի» համար սպասելի էր քաղաքապետարանի այդ քայլը: Ինչ վերաբերում է հարցին, թե հատկապես ինչն է արբիտրաժային դատարան դիմելու պատճառը, «Սանիթեք»-ի մամուլի պատասխանատուն պատասխանեց. «Թե ինչի հետ կապաված եւ ինչ պահանջով, կկարողանամ մեկնաբանել վաղը՝ հայտարարությունից հետո»:

x